Ֆաունայի ներկայացուցիչների պատճառով մարդկանց մահացության համաշխարհային վիճակագրության վերլուծության հիման վրա կառուցված նոր հետազոտության համաձայն՝ վայրի գազաններն այնքան վտանգավոր չեն, որքան ընդունված է համարել: Այս մասին հայտնում է moya-planeta.ru-ն:
Շնաձկները, գայլերը, առյուծները, կոկորդիլոսներն անհամեմատ ավելի քիչ կյանքեր են խլում, քան սովորական մոծակները: Այսպես, շնաձկների հարձակումներից տարեկան մինչև 10 մարդ է մահանում, գայլերի պատճառով՝ 10, առյուծների և փղերի պատճառով՝ 100-ական, գետաձիերի՝ մոտ 500, կոկորդիլոսների՝ մոտ 1 000, ժապավենաձև որդերի՝ 2 000, ցեցի ճանճի՝ 9 000, թունավոր աֆրիկյան կլոպի՝ 12 000: Ամենավտանգավոր կենդանիների 6-րդ տեղում են շները, որոնց կծելուց տարեկան 40 000 մարդ է մահանում:
Ցուցակում 5-րդը օձերն են, որոնց թունավոր խայթոցներից 50 000 մարդ է մահանում: 4-րդը ասկարիդներն են՝ խոշոր կլոր որդեր, որոնք մակաբուծում են մարդու օրգանիզմում և հանգեցնում տարեկան 60 000 մահվան: 3-րդ տեղում քաղցրահամ ջրի փորոտանի կակղամորթերն են. դրանց պատճառով տարեկան 110 000 մարդ է մահանում: Մարդն ամենավտանգավոր կենդանիների ցուցակում երկրորդն է՝ ամեն տարի մոլորակի մոտ 475 000 սպանություն է կատարվում:
Մեծ տարբերությամբ ցուցակում առաջին տեղը զբաղեցրել են մալարիայի մոծակները. դրանց կծոցից ամեն տարի այդ հիվանդությամբ վարակվում և մահանում է մոտ 725 000 մարդ:











































