Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հանդիպել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի հետ, որի ժամանակ հայտարարել է, որ էներգետիկ խոշոր նախագծերի իրագործման համար շատ կարևոր է քաղաքական աջակցությունը:
Ալիևն ընգդծել է, որ «Հարավային գազային միջանցքի» իրագործման աշխատանքներն ընթանում են գրաֆիկի համապատասխան, և որ Ադրբեջանը կատարում է էներգետիկ նախագծերի մասով իր բոլոր պարտավորությունները: Անդրադառնալով «Անդրադրիատիկ» (TAP) գազատարի նախագծի իրագործմանը՝ Ալիևը բարձր է գնահատել տվյալ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը:
Նա հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի օրինակը հաստատել է, որ էներգետիկ խոշոր նախագծերի իրագործման դեպքում կարևոր է քաղաքական դիրքորոշումը. «Հարավային գազային միջանցքի ու նրա բաղադրատարր TAP-ի իրագործման դեպքում նույնպես կարևոր է այդ դիրքորոշումը»:
Սեկուտան իր հերթին խոստացել է, որ Վաշինգտոնը գազի արդյունահանման ու փոխադրման հարցում կաջակցի Ադրբեջանին: Սեկուտան ու Ալիևը քննարկել են նաև «Անդրկասպյան» և «Թուրքական հոսք» գազատարների, նավթի համաշխարհային գների, էներգետիկ նախագծերի վրա Հունաստանի դեպքերի ազդեցության հարցերը:









































