«Ես գիտեմ, որ իմ վարչապետը գազալցակայաններ չունի»՝ հայտարարել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, երբ լրագրողները նրան փորձել են հարցեր ուղղել գազալցակայաններում իրականացվող ստուգումների մասին՝ հիշեցնելով, որ գազալցակայաններ ունի նաև Հովիկ Աբրահամյանը:
Փաստորեն, Արմեն Երիցյանը գիտի, որ Հովիկ Աբրահամյանը գազալցակայաններ չունի, բայց, պարզվում է, որ Արմեն Երիցյանը վարչապետ ունի, վարչապետը իրենն է: Ի՞նչ է նշանակում «իմ վարչապետը»՝ այն դեպքում, երբ վարչապետը հանրային ու քաղաքական պաշտոն է, որը վարձատրվում է հարկատուների միջոցներով: Իհարկե, Արմեն Երիցյանը նկատի չունի, որ վարչապետն իր սեփականությունն է, իրենը, իր ենթակայությանը: Արմեն Երիցյանը «իմ վարչապետն» ասելով՝ ինքն է իր ենթակայությունը հավաստում Հովիկ Աբրահամյանին, հավաստում իր պատկանելությունը, իր հավատարմությունը վարչապետին:
Այլ կերպ, իհարկե, չէր էլ կարող լինել, քանի որ Հովիկ Աբրահամյանի լոբբինգի շնորհիվ էր, որ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորվեցին մեկ կառույցի ներքո, և Արմեն Երիցյանն ինչ-որ առումով դարձավ սուպերնախարար: Հովիկ Աբրահամյանին այս ամենը շատ պետք էր սուպերնախարար Գագիկ Խաչատրյանին ինչ-որ կերպ հակակշռելու համար:
Իհարկե, Աբրահամյանի լոբբինգը կիսատ մնաց, քանի որ այդ փաթեթի մեջ նա փորձում էր ներառել նաև ոստիկանությունը, ինչի մասին հայտարարեց ՏԿՆ և ԱԻՆ միավորման մասին հայտարարելիս՝ ասելով, որ ապագայում այդ ամենը կարող է միավորվել մեծ ՆԳՆ կազմում: Դա, սակայն, Հովիկ Աբրահամյանին չի հաջողվել, և Վովա Գասպարյանից ազատվելու այդ տարբերակը մնացել է անկատար, ու Արմեն Երիցյանի արդեն գերհզոր սուպերնախարարությունը դեռ տեսլական է, որը պետք է դառնար Հովիկ Աբրահամյանի իշխանական վերջին բլից-կրիգի ամուր հենարանը:
Բայց այդ տեսլականը պահելու համար պետք է պահել «իմ վարչապետին»: Ասել կուզի՝ Արմեն Երիցյանը Աբրահամյանին հավաստիացնում է, որ միշտ պատրաստ է դառնալ անհրաժեշտ պլացդարմը: Սրան զուգահեռ, այս ամենից վեր, Երիցյանի այս հայտարարությունը վկայում է, թե ինչպիսի բարքեր են Հայաստանի կառավարությունում, որտեղ ամեն ինչ շատ ավելի ցարական բանակի է նման, քան հանրային ծառայությունների ինստիտուտի, որպիսին պետք է որ հանդիսանա կառավարությունը, և որտեղ աշխատում են հարկատուների վճարած հարկերով վարձված պաշտոնյաներ:
Հայաստանի կառավարությունում կամ ավելի շուտ՝ ցարական բանակում պաշտոնյաները աշխատում են միմյանց համար, այդ պատճառով էլ պատկանում են միմյանց, իսկ թե ով ում՝ արդեն կարևոր չէ:







































