Ադրբեջանի ԱԳՆ-ն այս շաբաթ արդեն երկրորդ անգամ համալրել է անցանկալի անձանց ցուցակը, որոնց արգելված է մուտքն այդ երկիր: Ավելի վաղ այդ ցուցակում հայտնվել էր ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, որն այցելել էր Լեռնային Ղարաբաղ: Երեքշաբթի օրը նույն պատճառով անցանկալի անձ է հայտարարվել գործարար Գերման Ստերլիգովը, որը լքել է Ռուսաստանը և մեկնել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:
«Ներկա պահին այդ հարցը լուծվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից: Մեր հետաքննությունների արդյունքում նա կարող է անորոշ ժամանակով ներառվել անցանկալի անձանց ցուցակում: Դա կախված է հարցի լուծումից՝ ինչ հիմքով է նա մուտք գործել Ադրբեջանի տարածք: Ներկայումս մենք տեղեկություն ենք ստացել միայն ԶԼՄ-ներից, պաշտոնական ուղիներով տեղեկություն չենք ստացել: Պաշտոնական ուղիներով այդ տեղեկության հաստատվելուց հետո վերջնական որոշում կընդունվի»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
Երկուշաբթի օրը Ստերլիգովը լքել է Ռուսաստանը և մեկնել Լեռնային Ղարաբաղ: Մեկնելուց առաջ վաճառքի է հանել իր անասունները և ավտոպարկը:
Ստերլիգովի անունը վերջերս նշվել է՝ կապված «Ռուսական ազգայնականների ռազմական կազմակերպության» (ՌԱՌԿ) գործի վարույթի հետ: Ինչպես ենթադրում է Ստերլիգովի փաստաբանը, հենց այդ պատճառով է նա հեռացել Ռուսաստանից:
Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը հայտնել է BBC-ին, որ գործարարի հետ մշտական կապի մեջ է, և հաստատել, որ նա գնացել է Լեռնային Ղարաբաղ:










































