Իտալական La Stampa թերթի փոխանցմամբ՝ վրացական մաֆիան «նվաճել» է Հունաստանը: Վրաստանից Հունաստան ժամանած քրեական հեղինակությունը շեշտը դնում է թմրանյութերի առևտրի և նավահանգիստները վերահսկելու վրա:
Թերթի պնդմամբ՝ Հունաստանն արդեն իսկ մտել է հետխորհրդային ամենահզոր հանցավոր խմբավորումներից մեկի ուղեծիր, որն ինչպես Աթենքում, այնպես էլ Սալոնիկում վերահսկում է տնտեսության կարևոր ոլորտներ: Քրեական խմբավորումները Հունաստանն օգտագործում են՝ Եվրոպայի այլ երկրներում, ներառյալ Իտալիայում հանցանքներ գործելու համար:
Նրանց տրամադրության տակ առկա է բավականաչափ գումար, բանկային համակարգի մի մասը՝ տեղական կոռումպացված իշխանություններին գնելու համար: Թերթն ընդգծում է, որ Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության ժամանակ Վրաստանից Հունաստան են փախել շատ հանցագործներ, ուր հեշտ է անձնագիր գնելը, իշխանություններին կաշառելը, և որտեղ չկա տեղական մաֆիա: Ներկայումս Հունաստանում գտնվում է ավելի քան 100 «օրենքով գող»:










































