Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, հայերը Արաքս գետի սահմանամերձ շրջաններում հրդեհներ են «կազմակերպել»` դրանով իսկ «մեծ վնաս հասցնելով» Իգդիրի նահանգի Թուզլուջա շրջանին:
Հրդեհներից փրկվելու համար մեծ թվով վայրի խոզեր Հայաստանից Արաքս գետով ներթափանցել են Թուզլուջայի շրջան և «մեծ վնաս հասցրել» թուրք գյուղացիների ցանքատարածություններին:
«Հայերի պատճառով» սահմանամերձ գյուղերում բնակվող թուրք գյուղացիների մեծ մասը դարձել են որսորդներ և փորձում են ամեն գնով կանխել «իրենց գլխին պատուհաս» դարձած վայրի խոզերի հասցրած վնասները:
Հիշեցնենք, որ երբ նախորդ տարվա դեկտեմբերին Իսրայելում մոլեգնում էին անտառային խոշոր հրդեհները, Թուրքիայի վարչապետ Էրդողանն անմիջապես հրահանգեց երկու հրշեջ ինքնաթիռ ուղարկել Թուրքիայի հետ բավականին լարված հարաբերությունների մեջ գտնվող Իսրայել:
Այդ ցուցադրական ակտը միտված էր «Մավի Մարմարայի» միջադեպի հարցում Իսրայելի կողմից հնարավոր զիջումների գնալուն (ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել զոհված և վիրավոր թուրքերի ընտանիքներին):
Դրանից հետո թուրքական կողմը բազմիցս միջազգային հանրության առջև սկսեց թմբկահարել իր «մեծահոգության» մասին` ընդգծելով, որ իրենք մեկ վայրկյան անգամ չմտածեցին նեղ վիճակում հայտնված Իսրայելին օգնության ձեռք մեկնելու հարցում:









































