Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Stratfor (Strategic Forecasting Inc.) վերլուծականի կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն և գլխավոր վերլուծաբան Ջորջ Ֆրիդմանին: Ալիևն իր գոհունակությունն է հայտնել Ֆրիդմանի` վերստին Ադրբեջան այցելելու կապակցությամբ:
Հանդիպման ժամանակ Ֆրիդմանն Ալիևին է նվիրել իր «Հետագա 10 տարիները» խորագրով գիրքը, որում խոսք է գնում համաշխարհային քաղաքականությունում տեղի ունենալիք փոփոխությունների մասին: Գրքում Ադրբեջանին տարածաշրջանային մեծ դեր է վերապահված:
Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների, աշխարհաքաղաքական իրավիճակի, էներգետիկ ոլորտում ադրբեջանա-ամերիկյան համագործակցության և այլ խնդիրների շուրջ:
Ֆրիդմանը նշել է, որ իր ադրբեջանական այցի շրջանակներում մտադիր է այցելել նաև Նախիջևան` տեղում ծանոթանալու այդ ինքնավար հանրապետության սոցիալ-տնտեսական նախագծերին: Այդ կապակցությամբ Ալիևը նշել է, որ իրենք Նախիջևանում իրականացնում են խոշոր ներդրումներ և կարևոր սոցիալական ու ենթակառուցվածքային նախագծեր:
Հիշեցնենք, որ Ֆրիդմանը ծնվել է Հունգարիայում` Հոլոքոսթը վերապրած հրեական ընտանիքում: 1996 թվականին հիմնել է Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնը, իսկ 2004 թվականին հեղինակել «Ամերիկայի գաղտնի պատերազմը» խորագրով գիրքը: