Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ մեկնում է Վիեննա՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին մասնակցելու և «արդար ու երկարաժամկետ գործարքի» հասնելու համար: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն։
Նախարարն այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Ինչպես հայտարարել է այաթոլլահ Խամենեին (Իրանի գերագույն առաջնորդ), իրանցիները ցանկանում են արժանի գործարք և մերժում են չափազանց մեծ պահանջները: Մեկնում եմ Վիեննա՝ Իրանի վերաբերյալ արդար ու երկարաժամկետ գործարքի հասնելու համար»:
Ինչպես ծրագրված է, Իրանի արտգործնախարարը Վիեննա կժամանի այսօր երեկոյան: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին Վաշինգտոնից կժամանի Վիեննա: «Վեցյակի» մնացյալ երկրների արտգործնախարարները Վիեննա կժամանեն շաբաթ: Իրանն ու «վեցյակը» ծրագրել են «միջուկային» բանակցություններն ավարտել մինչև հունիսի 30-ը, սակայն որոշակի տվյալներով՝ դրանք կարող են ձգձգվել մինչև հուլիսի 4-6-ը:










































