Հակամարտությունից տուժած սիրիացի փախստականներին մթերային օգնության ՄԱԿ-ի ծրագիրը ֆինանսավորվել է միայն 23%-ով: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը:
Վարչությունում նշել են, որ սպասվող 4,53 մլրդ դոլարի փոխարեն՝ դոնորներից ծրագրի ֆինանսավորման համար մայիսի վերջի դրությամբ ստացվել է միայն 1,06 մլրդ դոլար: Սիրիական ճգնաժամը «շատ ավելի համերաշխություն է պահանջում միջազգային հանրության կողմից, քան այն, որ մենք տեսել ենք մինչև հիմա», հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը: «Մենք այնքան վտանգավոր թույլ ֆինանսավորում ունենք, որ ենթակա ենք նույնիսկ հիմնական կարիքներին արձագանքելու անկարողության ռիսկին, որոնք ապահովում են միլիոնավոր մարդկանց փրկությունը առաջիկա 6 ամիսներին»,- եզրափակել է նա:
Միջոցների անբավարարության պատճառով կրճատվել է 1,6 մլն փախստականի համար մթերային օգնությունը, 750.000 երեխա դպրոց չի հաճախում, բժշկական ծառայությունները դարձել են չափազանց թանկ շատ մարդկանց՝ ներառյալ մոտ 70.000 հղի կանանց համար, նշում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը:
ՄԱԿ-ը և ոչ կառավարական կազմակերպությունները զգուշացնում են, որ եթե Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում և Եգիպտոսում սիրիացի փախստականներին օգնություն նախատեսող տարածաշրջանային պլանի ֆինանսավորման համար միջոցներ չստացվեն, մոտ 130.000 ընտանիք չի կարողանա հիմնական պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ գումար ստանալ առձեռն, իսկ փախստականների առավել խոցելի խմբերը չեն ապահովվի սննդի վաուչերներով: Առաջիկա ձմռանը մինչև 1,7 մլն մարդ կարող է առանց վառելիքի, տանիքի և տաք հագուստի մնալ:









































