Ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Լեհաստանի Մոդլին օդանավակայանում ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության կասկածի հետ կապված: Այս մասին հայտնում է TVN24 հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին:
Ալիքի հաղորդմամբ՝ Օսլոյից թռչող Ryanair ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը եղել է կասկածելի փաթեթը, որը հայտնաբերվել է ինքնաթիռում:
RMF FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ նախնական տեղեկությամբ՝ ուղևորներից ոչ մեկը չի հաստատել, որ կասկածելի ուղեբեռի տերն է: Գոյություն ունեցող գործընթացների համաձայն՝ այդպիսի իրավիճակում օդաչուն պարտավոր է եղել արտակարգ վայրէջք կատարել:
Օդանավակայանում դեպքի վայրում են բոլոր անհրաժեշտ ծառայությունները, որոնք ստուգում են ինքնաթիռը:
Վայրէջքից առաջ ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վարշավայի երկնքում: Արտակարգ վայրէջքը տեղի է ունեցել առանց պատահարների, ինքնաթիռում մոտ 160 ուղևոր է եղել, որոնք արդեն բարեհաջող լքել են ինքնաթիռը:










































