Հյուսիսային Կորեայի տարածքում համացանցին հասանելիության պարբերական խափանումներ են գրանցվում, հայտնում է TASS-ը: Կորեական թերակղզում համացանցի միացման հետ կապված խնդիրներ են առաջացել մոտ 2 շաբաթ առաջ, և դրանք մինչև հիմա չեն վերացվել:
Այսօր մի շարք կայքերի, այդ թվում՝ «Սինհուա» չինական լրատվական գործակալության անգլերեն տարբերակին միանալու փորձի դեպքում էկրանին հայտնվում է «Նախազգուշացում: Ներառված է սև ցուցակում» գրությունը:
Օտարերկրացիները հիմա հնարավորություն չունեն համացանցին բջջային հեռախոսներով միանալու: Խափանումներ կան Yandex և Google որոնողական համակարգերին, Facebook սոցցանցին, Twitter միկրոբլոգին միանալու հարցում:
Հյուսիսային Կորեայի մամուլն առայժմ ոչինչ չի հայտնում տեղական համացանցի աշխատանքում խափանումների պատճառների մասին: Վարկածներից մեկի համաձայն՝ համացանցի անկայուն աշխատանքը կապված է էլեկտրամատակարարման, այդ թվում՝ Փխենյանի համակարգում մշտական խափանումների հետ, որոնք պայմանավորված են չոր եղանակով: Նվազագույն տեղումների պատճառով այս տարի կտրուկ իջել է գետերի ջրի մակարդակը, որոնց վրա ՀԷԿ-եր են գործում, որոնք ստանում են երկրին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մոտ 60%-ը:
Տեղացի մասնագետների կարծիքով՝ բացառված չէ, որ մի շարք կայքերի հասանելիության հետ կապված խնդիրները Փխենյանում պայմանավորված են հնարավոր կիբեռհարձակումների դեպքում կանխարգելիչ միջոցառումներով:











































