Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետական հեղաշրջումից հետո առաջին անգամ արևմտյան ԶԼՄ-ներին հարցազրույց է տվել, հայտնում է ria.ru-ն:
Վիկտոր Յանուկովիչը BBC-ին տված հարցազրույցում պատմել է կիևյան Մայդանի, Ղրիմի, Դոնբասի, նաև «այն գիշերվա մասին, երբ Պուտինը փրկել է իր կյանքը», ինչպես նաև իր շքեղ առանձնատան մասին ճշմարտությունը: Այդ մասին իր Twitter միկրոբլոգում հայտնել է BBC լրագրող Գաբրիել Գեյթհաուսը:
Յանուկովիչի հետ հարցազրույցը եթեր դուրս կգա երկուշաբթի՝ ուշ երեկոյան, BBC Newsnight շոուի շրջանակներում:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ուժի մեջ է մտել Յանուկովիչին Ուկրաինայի պատվավոր նախագահի կոչումից զրկելու օրենքը, Ռադան այդ մասին քվեարկել է փետրվարի 4-ին, իսկ 9-ին այդ փաստաթուղթը ներկայացվել է նախագահի ստորագրությանը:
Շաբաթ օրը հայտնի է դարձել, որ Պորոշենկոն իրեն ներկայացվածը տվել է Ուկրաինայի սահմանադրական դատարանին՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել Յանուկովիչին Ուկրաինայի պատվավոր նախագահի կոչումից զրկելու օրենքը:









































