Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել՝ կապված Ռուսաստանի Պետդումայի կողմից համագործակցության մասին, այսպես կոչված, պայմանագրի վավերացման համար: Վրաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Դավիթ Կերեսելիձեն հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է բռնակցել Ցխինվալի շրջանը:
«Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից «դաշնակցության ու ինտեգրման մասին», այսպես կոչված, պայմանագրի վավերացումը և հայտարարում է, որ դրա ձևակերպումը որակում է որպես միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագրի կոպիտ խախտում, ինչպես նաև Վրաստանի տարածքի բռնակցմանն ուղղված ակտ: Ցխինվալի շրջանը Վրաստանի անքակտելի մասն է և իրենից չի ներկայացնում միջազգային իրավունքի անկախ սուբյեկտ»,- ասել է Կերեսելիձեն:
Վրաստանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ կանխելու համար Ռուսաստանի կողմից շարունակվող օկուպացիան և վերջնական բռնակցումը: ՌԴ Պետդուման այդ «պայմանագիրը» վավերացրել է ուրբաթ օրը: Այն ստորագրվել է 25 տարով:






































