Չինաստանի իշխանություններն արտիստներին և հայտնի անձանց կարգելեն հեռուստատեսային ծրագրերի համահաղորդավար լինել ուղիղ եթերում՝ «ոչ կոռեկտ արտահայտություններ և սխալներ» թույլ չտալու համար: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
«Հեռուստատեսային շոուները, այդ թվում՝ լրատվական ծրագրերը, չպետք է հյուրերի ներգրավեն՝ որպես համահաղորդավարներ և մեկնաբաններ… Եթերում հյուրերի դերը պետք է հստակ լինի: Հեռուստահաղորդավարները պատասխանատու են ծրագրի համար, վերահսկում են լսարանն ու ուղիղ եթերը: Ուստի ծրագրերի հյուրերը չեն կարող համահաղորդավար լինել»,- գրում է «Սինհուան»՝ հղում անելով Մամուլի, ռադիոյի, կինոյի և հեռուստատեսության հարցերով պետական վարչության շրջաբերականին:
Չինական հեռուստաալիքները տարբեր ծրագրերում հաճախ հայտնի անձանց են վարձում որպես համահաղորդավար, հատկապես հայտնի ռեալիթի-շոուներում, ինչը, ըստ կարգավորողի, կարող է ուղիղ եթերում «ոչ կոռեկտ դիտողությունների և սխալների» հանգեցնել:
Նորամուծությունը պաշտոնապես կսկսի գործել հուլիսի 1-ից: Կարգավորողը հեռուստաալիքներին կոչ է արել հաղորդավարներին ավելի շատ հրահանգել անմիջապես հաղորդման տեսագրումից առաջ: Բացի դրանից՝ բոլոր հաղորդավարները պետք է համապատասխան որակավորում ունենան, որի առակայությունն իշխանությունները կստուգեն:










































