Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» պատրաստ է բավարարել անհրաժեշտ ծավալի գազ ներկրելու Ադրբեջանի կարիքները: Այդ մասին հունիսի 19-ին Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաևի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման հարցը: Միլլերը հայտարարել է. «Ադրբեջանում գազի ներքին սպառման և տնտեսության աճի հետ կապված՝ «Գազպրոմը» պատրաստ է բավարարել անհրաժեշտ ծավալի գազի ներկրման հանրապետության կարիքները»:
«Գազպրոմը» դեռևս 2009 թվականի հոկտեմբերի 14-ին ստորագրել է ադրբեջանական գազի գնման մասին պայմանագիր: «Գազպրոմի» և SOCAR-ի միջև ստորագրված այդ պայմանագիրը թույլ է տալիս գազի մատակարարումները վերսկսել և կասեցնել ցանկացած պահի: Ադրբեջանական լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ Ադրբեջանը չի պլանավորում գազ ներկրել Ռուսաստանից:












































