Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Հորդանանի տարածքով Սիրիա է մուտք գործել 80.000 զինյալ: Այս մասին իրանական «Ալ-Ալամ» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:
«Ներկայումս «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման ծայրահեղականներին միացել է 80.000 ահաբեկիչ, որոնք Սիրիայի տարածք են մուտք գործել Թուրքիայից ու Հորդանանից: Ընդ որում՝ «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրայի» զինյալներն անցել են նաև ռազմական ուսուցում»:
Հեռուստաալիքն իր հերթին հիշեցնում է, որ Թուրքիայով են անցնում հիմնական տարանցիկ ուղիները, որոնցով այլ երկրներից ժամանած զինյալները ներթափանցում են Սիրիա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում ԴԱԻՇ-ի կողմից հանդես է գալիս մոտ 70.000 օտարազգի վարձկան, որոնցից 5000-7000-ը ներկայացնում են ԱՊՀ երկրները:











































