Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել արևմտյան երկրներին՝ Բեռլինի օդանավակայանում Al Jazeera հեռուստաալիքի աշխատակից Ահմեդ Մանսուրին ձերբակալելու պատճառով։
«Արևմուտքը վերջին տարիներին բարդ փորձություններ է անցնում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու արժանապատվության պաշտպանության ոլորտներում: Արևմտյան երկրները, որոնք առաջնային տեղ են տալիս իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, անտեսում են այդ իրավունքները, երբ դրանք առնչվում են մուսուլմանական երկրների քաղաքացիներին»:
Էրդողանը Եգիպտոսի կառավարության պահանջով Բեռլինի օդանավակայանում Al Jazeera հեռուստաալիքի լրագրողին ձերբակալելը որակել է որպես Գերմանիայի կառավարության կողմից «խոսքի ազատությունը խախտելու» փորձ. «Ներկայումս ահաբեկչական կազմակերպության անդամներն ազատորեն գործում են Գերմանիայի տարածքում: Չարձագանքելով մեր պաշտոնական դիմումներին՝ խոսքի ազատության պատրվակով կալանավորում են Al Jazeera-ի աշխատակցին: Ինչո՞ւ: Եգիպտացի գեներալների պատվերով, որոնցից ստացվել է 8.5 միլիարդ եվրոյի պատվեր: Շահույթ, գումար: Խոսքի ազատության դեմ Գերմանիայի կառավարության գործողություններն աններելի են»:
Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթը հունիսի 20-ին դիմել էր Ինտերպոլին ու Գերմանիայի իշխանություններին՝ պաշտոնապես խնդրելով արտահանձնել Ահմեդ Մանսուրին, որին հայրենիքում մեղադրում են 2011 թվականին Կահիրեի կենտրոնում գտնվող «Թահրիր» հրապարակում մի փաստաբանի կտտանքների ենթարկելու մեջ: Ավելի վաղ Կահիրեի դատարանը հեռակա կարգով Մանսուրին դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման:







































