Մարդու գլխուղեղում սերոտոնինի մեծ քանակությունը առաջացնում է սոցիալական ֆոբիաներ՝ կարծում են Ուպսալա համալսարանի գիտնականները, ովքեր իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են JAMA Psychiatry ամսագրում:
Շատերը տագնապում են լսարանի առջև ելույթ ունենալուց առաջ կամ մարդկանց հետ շփվելիս: Եթե տագնապը վերաճում է հիվանդագին վիճակի, ապա դա կարող է նշանակել, որ մարդը տառապում է սոցիալական ֆոբիայով, որը հոգեկան հիվանդություն է:
Սոցիալական ֆոբիան կարելի է բուժել դեղահաբերի օգնությամբ, որոնք կարգավորում են գլխուղեղում սերոտոնինի արտադրման քանակը: Ավելի վաղ համարում էին, որ սոցիալական ֆոբիայով տառապող մարդիկ ունեն սերոտոնինի քիչ քանակություն: Սակայն Uppsala University համալսարանի գիտնականները հակառակն են պարզել:
Հատուկ սարքավորման օգնությամբ հետազոտողները գտել են, որ սոցիալական ֆոբիայով տառապողների ուղեղը ինքնուրույն արտադրում է չափից շատ սերոտոնին, և արդյունքում փաստորեն ստացվում է փակ շրջան՝ ինչքան շատ սերոտոնին է արտադրվում, այնքան շատ է տառապում հիվանդը:









































