Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն այսօր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոզ Ռոթ» սեմինարի ժամանակ հանդես եկավ մի քանի հետաքրքիր և ինչ-որ իմաստով անակնկալ հայտարարություններով: Նախ Գալստյանը հայտարարեց, որ 2027թ. Հայաստանի գործող ատոմակայանը կփոխարինվի նոր ատոմային կայանով: «2018թ. մենք կսկսենք նոր բլոկի շինարարությունը»,- պարզաբանեց Գալստյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ատոմային էներգետիկայից, չնայած որոշ եվրոպական կառույցների այն պնդումներին, որ Հայաստանի համար ավելի անվտանգ կլինի շահագործել այլընտրանքային և վերականգնվող էներգետիկայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիան: Արեգ Գալստյանի խոսքով՝ Հայաստանը չի պատրաստվում նոր ատոմակայան կառուցելու համար վարկային միջոցներ ներգրավել (անկեղծ լինելու համար ասենք, որ որևէ մեկը Հայաստանին նման մեծ վարկ չի էլ տա), այլ ցանկանում է, որ ատոմային էներգաբլոկի շինարարությունը լինի ներդրումային ծրագիր, երբ տարբեր մասնավոր ներդրողներ իրենք գումարներ կներդնեն ատոմակայանի կառուցման գործում:
Էներգետիկայի փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստանը ևս կարող է հանդես գալ որպես ներդրող և մասնակցել այդ ծրագրի իրականացմանը: Թե որքանով է իրատեսական, որ մասնավոր ներդրողները կարող են միլիարդավոր դոլարներ ներդնել Հայաստանում ատոմակայանի կառուցման գործում, հայտնի չէ: Գալստյանը չկարողացավ կամ գոնե չուզեց պատասխանել եվրոպացի պատգամավորներից մեկի այն հարցին, թե ովքեր են այն ներդրողները, ովքեր պետք է մասնակցեն ատոմակայանի շինարարությանը:
Ատոմակայանի արդյունավետությունը կախված է նրանից, թե արդյոք Հայաստանը կկարողանա՞ իրականացնել Արեգ Գալստյանի ներկայացրած ամբիցիոզ ծրագրերից ևս մեկը՝ դառնալ էներգետիկ միջանցք և կապվել մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ Վրաստանի հետ և Թուրքիայի միջոցով միանալ Եվրոպայի էներգետիկ շուկային: Արեգ Գալստյանն ասաց, որ ինչպես հայ-իրանական, այնպես էլ հայ-վրացական սահմանների վրա կառուցվում են 400 կՎտ հզորությամբ ենթակայաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի, որ Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերն աշխատեն զուգահեռ ռեժիմով: Արեգ Գալստյանն ասաց, որ տեխնիկական արգելքները հաղթահարելն ավելի հեշտ է, ավելի դժվար է հաղթահարել քաղաքական խնդիրները, որի դեպքում Հայաստանը կարող է դուրս գալ Թուրքիայի էներգետիկ շուկա, իսկ այնտեղից էլ եվրոպական: Գալստյանը վստահեցրեց, որ եվրոպական էներգետիկ ընկերությունները շահագրգռված են Հայաստանի հետ համագործակցությամբ, և կան կոնկրետ առաջարկներ:
Արեգ Գալստյանը հայտարարեց նաև, որ չհրաժարվելով ատոմային էներգետիկայից՝ Հայաստանը շարունակելու է զարգացնել այլընտրանքային և վերականգնվող էներգետիկան, և եթե այսօր հիդրոէներգետիկան ապահովում է Հայաստանի էներգետիկ պահանջի 30 տոկոսը, ապա նախատեսվում է, որ այն կարող է հասցվել 36-40 տոկոսի: Հաջորդ տարի Հայաստանը կիրականացնի ֆոտոոլտայիկ կայանների կառուցման աշխատանք, որի համար կհայտարարվի մրցույթ, և մրցույթի արդյունքում կայանի կառուցման հնարավորությունը կստանա ամենացածր գին առաջարկած ընկերությունը:
Արեգ Գալստյանը մեկ այլ հետաքրքիր հայտարարություն էլ արեց՝ ասելով, որ Հայաստանը պատրաստ է տարանցման միջանցք տրամադրել Իրանից Եվրոպա գազի արտահանման համար: Փոխնախարարը շեշտեց, որ դա գազի տարանցման ամենաէժան տարբերակն է, և դա կարող է իրականություն դառնալ, եթե Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, և Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները վերացնելու որոշում կայացվի:
Անդրադառնալով Հայաստանի էներգետիկայի խնդիրներին՝ Գալստյանը ի տարբերություն հայ մյուս պաշտոնյաների, մասնավորապես՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ ՀԷՑ-ում ստեղծված վիճակը պայմանավորեց ընկերության կողմից իրականացված «ոչ հաջող մենեջմենթով», ավելացնելով, որ դրան գումարվել են այլ խնդիրներ ևս: «Մեր կողմից մշակվել է հրատապ գործողությունների պլան, որը արդեն սկսել ենք իրականացնել, և ըստ այդ պլանի՝ մինչև այս տարվա վերջ մենք հաղթահարած կլինենք խնդիրների մի մասը»,- վստահեցրեց Գալստյանը:






































