Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` օրեր առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունեց Թուրքիայի մասին զեկույցը, որում Թուրքիային կոչ էր արվում չեղյալ հայտարարել միջերկրածովյան Աքքույու վայրում երկրի առաջին ատոմակայանի կառուցումը:
Այժմ էլ Աքքույուի ատոմակայանի կառուցման խնդրին անդրադարձել է ԵՄ-ի էներգետիկ հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, ով հույս է հայտնել, որ Թուրքիան Աքքույուի ատոմակայանի կառուցման ժամանակ կպահպանի ԵՄ-ի նորմերը:
Շեֆչովիչը մանրամասնել է, որ իրենք չեն միջամտում ԵՄ-ին անդամակցել ցանկացող Թուրքիայի կողմից սեփական էներգետիկ կարիքների ապահովման աղբյուրների դիվերսիֆիկացման խնդրին, սակայն ցանկանում են, որ Թուրքիան պահպանի ատոմային էներգիայի վերաբերյալ ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագրերն ու օրենսդրական ակտերը:
Հանձնակատարն ընդգծել է իրավական բազայի բարձրացման անհրաժեշտությունը, ինչի նպատակն է ատոմակայանի անվտանգության ապահովման միջոցներն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելը:
Շեֆչովիչի խոսքերով` Եվրոպական հանձնաժողովը հետևելու է Աքքույուի ատոմակայանի կառուցմանը, սեյսմիկ գնահատականներին ու բնապահպանական հաշվետվություններին:
Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Թուրքիայի բնապահպանության նախարարությունն արտոնեց Աքքույուի ատոմակայանի կառուցումը: Աքքույուի ատոմակայանի կառուցման ու շահագործման մասին պայմանագիրը Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են 2010 թվականին: Աքքույուի ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 մեգավատտ:
Նախագիծը գնահատվում է մոտ 20 միլիարդ դոլար: Աքքույուի ատոմակայանի շահագործման ժամկետը կազմելու է 60 տարի: Ատոմակայանը տարեկան արտադրելու է 35 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա:











































