Վերջին տարիներին իրանցիների մեծ հոսքը Հայաստան պայմանավորված է նրանց տոնով` Նովրուզով, որն իրանցիները Հայաստանում ավելի ազատ են նշում, քան իրենց երկրում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ մոտավոր հաշվարկներով 10 օրվա ընթացքում յուրաքանչյուր իրանցի զբոսաշրջիկ Հայաստանում ծախսում է 1600 դոլար։
Ապրեսյանի խոսքերով, իրանցի զբոսաշրջիկները հիմնականում խնդիրներ են ունենում շփման և տեղեկություններ ստանալու հարցում: Մասնավորապես` նրանք ցանկություն են հայտնել, որպեսզի հայաստանյան պատմամշակութային կոթողների մոտ լինեն նաև պարսկերենով տեղեկատվական վահանակներ:
Ապրեսյանը վստահեցրեց, որ իրենք այդ հարցով արդեն իսկ զբաղվում են, և շուտով պարսկերենով նման տեղեկատվական թերթիկներ կլինեն բոլոր թանգարաններում և պատմամշակութային վայրերում:
Ապրեսյանի խոսքերով, ծառայության ոլորտի աշխատակիցների մեծ մասը չի կարողանում շփվել զբոսաշրջիկների հետ` լեզվի չիմացության պատճառով:
Ապրեսյանը նաև տեղեկացրեց, որ կա զբոսաշրջիկներին տեղավորելու խնդիր. «Պահանջարկը բավականին մեծացել է, իսկ գիշերակացի տեղերը բավարար չեն»:








































