Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով հերթական անգամ զգուշացրել է թուրքական իշխանություններին.
«Զինադադարը պահպանվելու է մինչև հունիսի 15-ը: Դրանից հետո հապաղելը բացառվում է, զինադադարի երկարաձգման մասին խոսք լինել չի կարող:
Նորից եմ կրկնում` դրանից ավելի ժամանակ մենք չունենք: Մնաց երկու ամիս: Հունիսի 15-ը զինադադարի վերջնաժամկետն է: Դրանից հետո եթե սկսվի պատերազմական ժամանակաշրջանը, ապա կտուժեն բոլորը»:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Օջալանը հայտարարել էր. «Անհրաժեշտ է իշխանություններին ևս մեկ շանս ընձեռել «Քրդական հարցի» սահմանադրական-ժողովրդավարական լուծման համար, որովհետև սա կլինի նրանց վերջին շանսը: Եթե «Քրդական հարցը» չլուծվի այդ ճանապարհով, ապա կսկսվի պատերազմական ժամանակաշրջանը:
Մենք մի քանի ամիս ժամանակ ենք տալիս թուրքական կառավարությանը` անկախ նրանից, թե հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո այս կառավարությունը կմնա, թե նրան կփոխարինի մեկ այլ կառավարություն»:






































