Համազեկուցողները Հայաստանի իշխանություններին կոչ են անում իրականացնել բարեփոխումների ծրագրեր`մտահոգություն հայտնելով, որ հակառակ դեպքում «իրավիճակը կարող է հանգեցնել սոցիալական խռովությունների»: Համազեկուցողներն ընդգծել են, որ միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն, և «դրանք պետք է ուղեկցվեն գործող պրակտիկան և մտածելակերպը փոխվելուն ուղղված քաղաքականությամբ»:
Հայտարարության մեջ նշված է նաև, որ 2008 թ. մարտիմեկյան իրադարձություններում դերակատարություն ունեցած անձանց անազատության մեջ պահելը և 10 անձանց մահվան հանգամանքների ոչ բավարար հետաքննությունը «շարունակում են թունավորել Հայաստանում քաղաքական միջավայրը» և կարող են «բացասական ազդեցություն ունենալ հաջորդ տարի կայանալիք ընտրությունների վրա»: Նշվում է նաև, որ բարեփոխումների հետ կապված ներկայիս իրավիճակը`զուգորդված քաղաքական բևեռացմամբ և սոցիալական ու տնտեսական միջավայրի վատթարացումը «կարող են հանգեցնել սոցիալական խռովությունների վերսկսմանը, եթե իրավիճակը չկարգավորվի և տեղի չունենան թափանցիկ ժողովրդավարական ընտրություններ»:
Ըստ հայտարարության` համազեկուցողները նախատեսում են նաև այս տարվա աշնանը պատրաստել զեկույց Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ներկայացնելու համար:









































