Գյուղատնտեսության և բանկային ոլորտի պատասխանատուները այսօր, գյուղնախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ, կոնֆերանս էին կազմակերպել գյուղատնտեսությունում առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծման համար ծրագրեր առաջադրելու համար: Գյուղնախարարը իր խոսքում ևս մեկ անգամ հաստատեց, որ գյուղատնտեսությունը համարվել է գերակա ուղղություն, հետևաբար ինքը պատրաստակամ է այդ խնդիրների լուծման համար բարեփոխումներ իրականացնել: Կոնֆերանսը նպատակ ուներ գնահատել գյուղատնտեսական մթերքի վերամշակման բնագավառում առկա հրատապ խնդիրները, վեր հանել ու գտնել դրանց արդյունավետ լուծման մեխանիզմները:
Նախարարը հիշեցրեց, որ 2011 թվականին Սերժ Սարգսյանի կողմից գյուղատնտեսությունը համարվել է գերակա ոլորտ: Սա նշանակում է, որ գյուղատնտեսության զարգացումը պայմանավորող ճյուղերը նույնպես պետք է համարվեն գերակա, ինչն առաջին հերթին վերաբերում է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերությանը: 2010 թվականի տվյալներով, այդ ոլորտին բաժին է ընկել երկրի ներքին համախառն արդյունքի 5.0 տոկոսը, և այն բացառիկ տեղ ունի երկրի պարենային անվտանգության ապահովման գործում:
Ներկայումս հանրապետությունում գործում են վերագործարկված կամ նոր ստեղծված պահածոների՝ շուրջ 30, գինեգործական` 50, կաթի մթերման և վերամշակման՝ ավելի քան 250, մսամթերքի`70 և ծխախոտի վերամշակման 4 ընկերություններ, իսկ պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններում տեղակայված մթերման հաստատությունը կազմում է 285 հազար տոննա, որից բանջարեղենային պահածոների մասնաբաժինը կազմում է 172.3 հազար տոննա (60.4 տոկոս), հատապտղային պահածոյինը և հյութերինը`111,7 հազար տոննա (39.2 տոկոս):
Սակայն մթերումն իրականացվում է չափազանց գերբեռնված, այն միջին հաշվով կազմում է շուրջ 20 տոկոս: Քննարկման ժամանակ արձանագրվեց, որ, չնայած վերջին տարիներին ավելանում է գյուղացիական տնտեսությունների հետ կնքվող մթերման պայմանագրերի թիվը, մասնավորապես 2010 թվականին մինչև մթերումների սկսվելը կնքվել են լոլիկի մթերման 1800 (Արտաշատի պահածոների գործարանը՝ շուրջ 1000, ՄԱՊ-ը` 500, Արարատի «Բորոդինո» պահածոների գործարանը՝ 300 պայմանագիր), սակայն պայմանագրային փոխհարաբերություններում աշխատող ընկերությունների թիվը շատ սահմանափակ է:









































