Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական The Guardian թերթի թղթակցի Օուեն Գիբսոնին չեն հավատարմագրել՝ Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերը լուսաբանելու համար: Ուստի նա չի կարող ժամանել Ադրբեջան:
The Guardian-ը գրում է, որ Օուենը հավատարմագրման հարցով ադրբեջանական կողմին դիմել է դեռևս հունվարին և այն ժամանակ էլ ամրագրել է ավիատոմսը ու կազմակերպիչներից ստացել հաստատում:
Չնայած դրան՝ հունիսի 5-ին նրան հայտնել են, որ Ադրբեջանի պետական մարմինները դեռ դիտարկում են Օուենի դիմումը: Արդյունքում ավիաչվերթից 3 ժամ առաջ նա չի ստացել իր դիմումների համար որևէ պատասխան, ինչի համար էլ չի կարողացել գալ Ադրբեջան:
Թերթն ընդգծել է, որ Օուենին մերժելու հարցը կարող է կապված լինել նախորդ տարվա դեկտեմբերին նրա կատարած ադրբեջանական այցի և եվրոպական խաղերի, ինչպես նաև Ադրբեջանում ազատ արտահայտման ճնշման փաստերի մասին նյութեր նախապատրաստելու հետ։











































