Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականի հունիսի 12-ին Ադրբեջանում տեղի կունենա Եվրոպական առաջին խաղերի բացումը, ինչն իրականացվելու է Ադրբեջանի կառավարության ձեռնարկած աննախադեպ բռնությունների ֆոնին:
Այս մասին հայտարարել է Human Rights Watch (HRW) կազմակերպությունը: HRW-ի՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ծրագրերի գծով փոխտնօրեն Ռեյչել Դենբերը հայտարարել է. «Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են կառավարության տասնյակ քննադատների և եվրոպական հիմնական կենտրոնների լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել երկիր՝ խաղերը լուսաբանելու համար:
Նրանք նաև Amnesty International իրավապաշտպան կազմակերպությանն արգելել են մամլո ասուլիս կազմակերպել Բաքվում: Կառավարական բռնությունները Եվրոպական խաղերը սխալ են դարձնում բազմաթիվ պատճառներով:
ԶԼՄ-ների ազատությունը օլիմպիական շարժման գլխավոր հիմքն է: Ադրբեջանն ու նախագահ Ալիևը, լրագրողներին մերժելով վիզա տրամադրելու հարցում, մերժում են միջոցառման անցկացման հիմնական կանոններից մեկը: Միջազգային օլիմպիական կոմիտեն պետք է պահանջեն պարզաբանում և այդ պրակտիկայի դադարեցում»:
Վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական իշխանությունները հրաժարվել են հավատարմագրել եվրոպական առաջատար ԶԼՄ-ների առնվազն երեք օտարազգի լրագրողի: 2014 թվականից սկսած՝ Ադրբեջանում հալածանքների է ենթարկվել և կալանավորվել առնվազն 35 լրագրող, իրավապաշտպան ու քաղաքական ակտիվիստ, որոնց նկատմամբ ներկայացվել են անհիմն մեղադրանքներ:







































