Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի Կասայ քաղաքում իր աշխատանքն է սկսել աշխարհի խոշորագույն լողացող արևային էլեկտրակայանը, որը ստեղծել է «Կուոսեգա» ընկերությունը:
Էլեկտրակայանը գտնվում է Սակասամաիկե լճակի մակերևույթին, նրա հզորությունը կազմում է 2.3 մեգավատտ: Այն կարող է տարեկան արտադրել 2680 մեգավատտ-ժամ էներգիա, ինչը բավարար է 820 տնային տնտեսություն էներգիայով ապահովելու համար:
2015 թվականի մարտին «Կուոսեգա» ընկերությունը Ճապոնիայում բացել էր ևս երկու լողացող էլեկտրակայան, որոնց համատեղ հզորությունը կազմել է 2.9 մեգավատտ:
Մինչև Ճապոնիայում «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի 2011 թվականի մարտի աղետը՝ ատոմակայաններին բաժին է ընկել Ճապոնիայում արտադրված էլեկտրաէներգիայի մինչև 30 տոկոսը: Ներկայում կանգնեցված են երկրի բոլոր 48 ատոմային ռեակտորները:










































