Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանն ընդունել է Թուրքիայի մասին զեկույցը, որը պատրաստել է հոլանդացի պատգամավոր Կատի Փիրին: Զեկույցի ընդունման օգտին քվեարկել է 432 պատգամավոր, դեմ՝ 94, 127 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել:
Զեկույցում անդրադարձ է կատարված նաև հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններին, որոնք որակվել են որպես ժամանակակից Թուրքիայի ամենահամապարփակ և ներկայացուցչական խորհդարանական ընտրությունները:
Զեկույցում ընտրությունները կարևորվում են ժողովրդավարության զարգացման տեսանկյունից և Թուրքիային կոչ է արվում ձևավորել կայուն կառավարություն՝ ԵՄ-ի հետ բարեփոխումների շուրջ երկխոսությունը վերականգնելու համար:
Զեկույցում ուշադրություն է հրավիրվում հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների պահպանման վրա: Նշված է, որ վերջին շրջանում Թուրքիայում ընդունվել են Եվրոպական խորհրդարանի համար մտահոգիչ մի շարք օրենքներ, որոնք առնչվել են Դատավորների ու դատախազների խորհրդին (HSYK), Ազգային հետախուզական գործակալությանը (MIT) և ներքին անվտանգությանը: Զեկույցում կարևորվել է կրոնի ու պետության տարանջատումը միմյանցից, աշխարհիկ կարգի պահպանումը:
Զեկույցում հիշատակվում է ապրիլի 24-ից առաջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի մասին: Զեկույցում անհրաժեշտ է համարվում ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) բացառումը:
Զեկույցում հիշեցվում է, որ Թուրքիան ԵՄ-ի գործընկերն է և ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դրա հետ մեկտեղ նա բավականաչափ պայքար չի մղում «Իսլամական պետության» դեմ: Զեկույցում մտահոգություն է հայտնվում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում առկա համագործակցության վերաբերյալ, ինչն այս զեկույցի ամենամեծ անակնկալներից մեկն է Թուրքիայի համար:
Զեկույցում պահանջվում է մանրակրկիտ հետազոտել Սոմայի ու Էրմենեքի հանքավայրերի վթարների պատճառները, և դադարեցնել միջերկրածովյան Աքքույու վայրում ատոմակայանի կառուցման աշխատանքները (այդ ատոմակայանը կառուցում է «Ռոսատոմը»):







































