Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնանկ են արվել ադրբեջանցի բոլոր դիվանագետները, որոնք հավանության են արժանացրել ԵՄ-ում Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) ներկայացուցիչ Արիֆ Մամեդովի «սադրիչ կարգավիճակը»: Այս մասին գործակալությանը հայտնել է բարձրաստիճան կառավարական պաշտոնյան:
Ավելի վաղ Արիֆ Մամեդովը գրառում էր կատարել Facebook-ի իր էջում՝ նվիրված մայիսի 19-ին Բաքվում գրանցված խոշոր հրդեհի հետևանքներին: «Այս աղետը յուրաքանչյուր ադրբեջանցու ցավն ու աղետն է: Որևէ ժողովուրդ չի հանդուրժի նման խայտառակություն ու անարդարություն: Պաշտոնյաները մեր ժողովուրդների տառապանքների հաշվին կուտակում են միլիոններ, և եթե նրանք չեն վախենում մեր ժողովրդի ցասումից, ապա թող վախենան Ալլահի ցասումից»,- գրել է նա:
Մամեդովի այդ գրառումը հավանության էին արժանացրել (լայքել) Ադրբեջանի դիվանագիտական ծառայության 5 աշխատակից՝ Ֆարահ Գյոզալով, Անար Մադաթլի (Բելգիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներ), Ջավիդ Մուսաև (Քուվեյթում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական), Ռամիզ Վելիև (Սիրիայում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմակատար), Հիքմեթ Գաջիև (ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար): Գործակալությանը չի հաջողվել այս տեղեկատվությունը ճշգրտել ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանցի փորձագետ, «Արևելք-Արևմուտք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Առասթուն Օրուջլուն հայտարարել էր, որ «դիվանագիտական սկանդալը» կարող են նախաձեռնած լինել Մամեդյարովին պաշտոնանկ անելու նպատակով:







































