Եվրամիության մի շարք երկրներ «զոհաբերում են իրենց» Ռուսաստանի հետ պատժամիջոցային պատերազմում և տուժում ավելի, քան ԱՄՆ-ը, սակայն դաշնակիցներին օգնելու միջոցների հետ կապված դեռևս ոչինչ չկա ասելու: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
«Մենք չպետք է թերագնահատենք մեր եվրոպացի գործընկերների և դաշնակիցների նշանակությունը, ովքեր աշխատում են մեզ հետ այդ պատժամիջոցները սահմանելու համար: Դրանց սահմանումը եվրոպացի որոշ գործընկերներից ավելի շատ զոհեր է պահանջում, քան ԱՄՆ-ից»,- ասել է Էռնեստը Գերմանիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Իսկ հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը պատրա՞ստ է տուժած դաշնակիցներին առավել զգալի տնտեսական օգնություն առաջարկել, մասնավորապես՝ իր էներառեսուրսների մատակարարման ոլորտում՝ ռուսականի փոխարեն, Էռնեստն ասել է, որ հաղորդելու ոչինչ չունի:











































