Նյու Յորքի 32-ամյա բնակիչը 700 հազար դոլար է վճարել 26-ամյա բախտագուշակ Փրիսցիլա Դելմարոյին, որը խոստացել է լավացնել նրա անձնական կյանքը և արթնացնել Միշել անունով կնոջ սերը, որը նախկինում մերժել է տղամարդուն, հաղորդում է The New York Times-ը:
Պատմությունը սկսվել է 2013թ. օգոստոսին: Բախտագուշակն իր հաճախորդին ասել է, որ վերջինս և նրա ընտրյալը «կրակե երկվորյակներ են», իսկ չար հոգիները խանգարում են նրանց միությանը:
20 ամսվա ընթացքում տղամարդը խարդախ կնոջը վճարել է 700 հազար դոլար, այդ թվում՝ 30 հազար դոլար արժողությամբ Rolex ժամացույց, որը, ըստ բախտագուշակի, պետք է օգներ ազատվել «նախկին մեղքերից», և 40 հազար դոլար արժողությամբ մատանի` հաճախորդի «կենսական ուժը» պաշտպանելու համար: Ընդ որում՝ բախտագուշակը խոստացել է վերադարձնել գումարի մի մասը աշխատանքն ավարտելուց հետո:
Սակայն փետրվարին տղամարդը պարզել է, որ իր սիրեցյալը մահացել է թմրանյութի չարաշահումից, ինչից հետո բախտագուշակն ասել է, որ նրա հոգին մեկ այլ կնոջ մարմին է տեղափոխվել, ում պետք է տղամարդը որոնի:
Որոշ ժամանակ անց բախտագուշակն ու նրա համախոհը ձերբակալվում են: Նրանց առաջադրվել է խարդախության, խոշոր չափի դրամական միջոցներ հափշտակելու մեղադրանք:








































