Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` «Մեծ Յոթնյակի» (G7) երկրները բավարական գագաթնաժողովի ժամանակ քննարկելու են Ռուսաստանի հետ փոխգործակցության հարցը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նա ընդգծել է, որ չնայած G7-ի կազմից Ռուսաստանը բացառելուն` այդ երկիրը շարունակում է մնալ որպես կարևոր գործընկեր բանակցային այլ ձևաչափերում:
«Գոյություն ունի «Նորմանդական ձևաչափ»` նախատեսված Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար, «Վեցնյակ»` կապված իրանական միջուկային ծրագրի հետ: Ռուսաստանը նաև պետք է ջանքեր գործադրի Սիրիայի քաղաքացիական պատերազմի կարգավորման ուղղությամբ:
Ես միայն հիշեցնում եմ, որ Սիրիայից քիմիական զենք դուրս է բերվել միայն Ռուսաստանի շնորհիվ: Այնպես որ, մենք քննարկելու ենք, թե ինչպես կարելի է գործընթացներին միացնել Ռուսաստանին»,- ասել է Մերկելը:
Մերկելն ընդգծել է, որ Ռուսաստանը վերջին տարիներին չի կիսել շատ արժեքներ, որոնք կիսում են G7-ի մասնակիցները:










































