«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
– Պարոն Խաչատրյան, Ձեր կարծիքով՝ հիմք ունի՞ իշխանությունների այն լավատեսությունը, թե այս տարի Հայաստանում մի քանի տոկոս տնտեսական աճ կգրանցվի:
– Ինձ համար անհասկանալի է, թե ինչից ելնելով են նրանք նման եզրակացության եկել: Ոչ մի տեղ հիմնավորումները չեմ տեսել, ընդամենը խոսքեր եմ լսել: Եթե այդ խոսքերին կհետևեն հիմնավորումներ, կնշվեն այն ոլորտները, որոնք կնպաստեն տնտեսական աճին, ես կկարողանամ մեկնաբանություններ անել: Բայց միայն խոսքերը լսելով՝ ես կարող եմ ասել, որ ինձ համար անհասկանալի է, թե այդ աճն ինչպես է տեղի ունենալու:
– Իշխանությունները նշում են, որ ընդհանուր տնտեսական աճին նպաստելու են գյուղատնտեսության ու ծառայությունների ոլորտները:
– Ճիշտ է, գյուղատնտեսության դերը Համախառն ներքին արդյունքում մեծ է, բայց էական ու վճռական չէ: Եվ դեռևս պարզ չէ, թե գյուղատնտեսությունն ինչ է լինելու, որովհետև մի կարևոր հանգամանք կա՝ նվազում են սպառման ծավալները, որովհետև նվազում է քաղաքացիների գնողունակությունը: Չէ՞ որ գյուղատնտեսական ապրանքները հիմնականում ներքին շուկայում են սպառվում, թեև սպասելիքներ կային, որ կարտահանվեն հատկապես Ռուսաստան: Նույնն էլ գյուղատնտեսական ապրանքների վերամշակման բնագավառում: Սեզոնին մրգի արտահանումը լավագույն դեպքում կազմում է մոտ 25 միլիոն դոլար: Եվ այն, որ գյուղատնտեսության աճը կբերի մեր համախառն ներքին արդյունքի մինչև 3 տոկոս աճի, դա չի կարող իրականություն լինել: Ավելի անհանգստացնող հանգամանքներ կան, որոնք միշտ կարևոր են եղել Հայաստանի տնտեսության համար, և դրանք են եղել աճի պայմանը՝ տրանսֆերտները: Ինչպես նաև՝ ուղղակի ներդրումները, բայց այս դեպքում էլ, միայն առաջին եռամսյակի տվյալներով, կա 50 տոկոս անկում: Ծավալային առումով պարզապես ծիծաղելի թիվ են կազմում՝ 35 մլրդ դրամ: Տնտեսության զարգացման այլ շարժառիթ ես չեմ տեսնում: Բայց եթե դրանք չկան, թե նորը որը կլինի, ես դժվարանում եմ ասել:
– Պաշտոնյաները նաև շեշտում են, որ տարբեր բարեփոխումներ են իրականացրել, ներդրումների ու արտահանման համար հարկային արտոնություններ են սահմանել, ինչն էլ նպաստելու է տնտեսական աճին:
– Օրենսդրական այդ փոփոխությունները չեն կարողանա այն էական ազդեցությունն ունենալ տնտեսության վրա, որ բերեն 2-3 տոկոս աճի: Ես անգամ չգիտեմ, թե համապատասխան ընկերություններն օգտվե՞լ են այդ օրենսդրական փոփոխություններից: Դժվար թե:
– Հայաստանի տնտեսությունը շատ փոքր է, և արտահանման ծավալների փոքր ավելացումը կարող է դրական ազդեցություն ունենալ: Միգուցե ԵՏՄ-ին անդամակցելն իսկապես նպաստավոր կլինի տնտեսական զարգացման համար՝ հատկապես, որ դեպի այդ երկրներ արտահանումը հեշտացվել է:
– Դա միայն Հայաստանից չի կախված: Այստեղ նշանակություն ունեն ներքին տնտեսական խնդիրները, ինչպես նաև այն երկրում տիրող իրավիճակը, որտեղ պետք է արտահանում իրականացվի: Հայաստանից հիմնականում Ռուսաստան է արտահանվում, որտեղ տեղի է ունեցել ռուբլու կտրուկ՝ մոտ 50 տոկոս արժեզրկում: Եվ ՌԴ-ն՝ որպես արտահանման շուկա, օգտագործելը բարդագույն խնդիր է: Այսինքն՝ դու ուզում ես ընդլայնվել մի շուկայում, որտեղ իրենք իրենց արժույթի փոխարժեքով առավելություն ունեն քո նկատմամբ: Մինչև ռուբլու նման արժեզրկումը մենք այդ հնարավորությունն ունեինք, բայց դեկտեմբերից հետո այդ շուկան փլվեց: Եվ Հայաստանից արտահանման համար ՌԴ-ում հիմա նպաստավոր պայմաններ չկան: Նույնը վերաբերում է դեպի Բելառուս արտահանմանը: Նույնիսկ դեպի Վրաստան արտահանման դեպքում մենք խնդիրներ կունենանք, քանի որ այդ երկրի արժույթն էլ է արժեզրկվել: Այս երևույթները փոխկապակցված են: Եվ ընդհանրապես, Հայաստանում չի երևում արտահանմանն ուղղված քաղաքականություն, որի մասին շատ է խոսվում, և որին ուղղված օրենսդրական փոփոխություններ են անում: Մենք ներսում դեռ մեր խնդիրները չենք լուծել: Մենք չունենք մրցունակ տնտեսություն, չկա ներքին մրցակցություն: Դրան չի նպաստի նաև հոսանքի գնի թանկացումը: Նաև շուկայում տիրող իրավիճակը՝ վստահության, հեռանկարի պակասը: Այս ամենն ազդում են շուկայի վրա, տվյալ դեպքում՝ արտահանման վրա, և, որ ամենակարևորն է, ներդրումների վրա:
– Եթե դրամը էլ ավելի արժեզրկվի, հավասարվի ՌԴ-ի, Վրաստանի արժույթների արժեզրկման մակարդակին, կնպաստի՞ արտահանմանը:
– Դուք շատ կարևոր հարց եք բարձրացնում: ՌԴ-ն նախ հայտնվեց ծայրագույն վիճակում: Բայց ՌԴ իշխանությունները գնահատեցին այդ վիճակը, թե դա հիմնականում կապված է նավթի գների, նաև էժան փողի՝ ֆինանսական համակարգի նկատմամբ կիրառված ակցիաների հետ: Բայց նրանք դրա փոխարեն ներքին արտադրության զարգացման հնարավորություն ստացան: Եվ ՌԴ-ն օգտվեց դրանից: Բայց վերջին ամսում, երբ ռուբլին սկսեց մի փոքր արժևորվել, ՌԴ իշխանությունները զգացին, որ դա խանգարելու է հունվար-փետրվար ամիսներին սկսված տնտեսական զարգացման դրական միտումներին: Հիմա նրանք հակառակ քայլերն են անում, որ ռուբլին շատ չարժևորվի: Հիմա ես չեմ տեսնում, որ ՀՀ իշխանություններն էլ այդպիսի խնդիր են դրել: Վարվող տնտեսական քաղաքականությունն այնպիսին չէ, որ դրամի էլ ավելի արժեզրկման միտումներ լինեն: Հակառակը, մեզ մոտ ներմուծումն այնքան մեծ է, որ եթե հանկարծ դրամը արժևորվի, մենք խնդիր ենք ունենում գնաճի հետ: Ես ուզում եմ ասել, որ եթե տնտեսությունը դեռ պատրաստ չէ, դու չես կարող արհեստականորեն արտահանման համար պայմաններ ստեղծել: Իսկ բնական ճանապարհով զարգացումը հնարավորություն չի տալիս, որովհետև էժան ֆինանսական ռեսուրսների բացակայության խնդիր կա: Մենք հայտնվել ենք մի փակ շրջանի մեջ, որտեղ պետք է կարողանանք լուծել հիմնական խնդիրը, որը տնտեսական դաշտում չէ, քաղաքական դաշտում է:
– Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ տնտեսության զարգացման մասին իր վերջին կանխատեսումը բարելավեց: Եթե նախորդ անգամ ԱՄՀ-ն մեկ տոկոս անկում էր կանխատեսել, այս անգամ զրոյական աճ կանխատեսեց:
– Դա կապված է նաև ՌԴ վերաբերյալ նրանց կանխատեսումների՝ դրական առումով վերանայման հետ: ԱՄՀ-ն ՌԴ տնտեսական անկումը մեկ տոկոսով նվազեցրեց: Ու քանի որ ԱՄՀ-ի վերլուծություններում ՌԴ-ից Հայաստանի տնտեսության կախվածությունը միշտ շատ է շեշտվում, նաև դա են նկատի ունեցել, որ վերագնահատել են իրենց նախկին կանխատեսումը: Բայց որքանո՞վ դա իրականություն կդառնա: Ես մեր տնտեսության խնդիրը մեկ այլ տեղ եմ տեսնում: Միայն այն խնդիրը չէ, որ ՌԴ-ից կախվածություն ունենք: Տնտեսական զարգացման շարունակականության, կոռուպցիայի, իրավական դաշտի կայացվածության կամ օրենքի հավասար կիրառման խնդիրներ կան, որոնց մասին խոսվում է ԱՄՀ-ի եզրակացության մեջ: Եթե այս ամենը չի արվում, ես չգիտեմ, թե այդ զրո տոկոսը ինչքանով է իրական լինելու: Համենայնդեպս, մեզ լավ ժամանակներ չեն սպասվում:







































