ԱՄՆ-ում ձերբակալվել է մոտ 40 ենթադրյալ թմրավաճառ, այդ թվում՝ 2 նարկոբարոն, որոնց առաջադրվել է մաքսանենգ ճանապարհով Մեքսիկայից այդ երկիր մոտ 1 տոննա հերոին փոխադրելու մեղադրանք: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրությունը:
Նշվում է, որ ենթադրյալ հանցագործները փորձել են թմրանյութը տարածել Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա նահանգ): Մեղադրանքներ են առաջադրվել նաև Անտոնիո և Իսմաել Լորեդո եղբայրներին, որոնք համարվում են կազմակերպության առաջնորդները. կազմակերպությունը թմրավաճառներին ներկրված թմրանյութ է մատակարարել Ֆիլադելֆիայում, Չիկագոյում, Նյու Ջերսիում և այլ վայրերում:
Հաղորդվում է, որ թմրանյութն ԱՄՆ հասցնելու համար խումբը քողարկման տարբեր միջոցներ է կիրառել, մասնավորապես՝ հերոինը փոխադրվել է ավտոմեքենաների մարտկոցներում, մրգերի և բանջարեղենի պահածոների փակ տարաներում:
Հետաքննության տվյալներով՝ հերոինի ներկրման ու տարածման դավադրությանը մասնակցել է 21 մարդ, նրանց ևս մեղադրանքներ են առաջադրվել:
Ձերբակալվածներից մեկը հայտնել է, որ հանցավոր կազմակերպության անդամները, այդ թվում՝ Լորեդո եղբայրները, «ապրանքի» պաշտպանության համար դիմել են բռնությունների՝ սպանությունների, հրկիզման, առևանգումների և հարձակումների:
Խմբի անդամներին առաջադրվել է թմրանյութերի հետ կապված 43 մեղադրանք, նաև 62 մեղադրանք՝ կապված փողերի լվացման հետ: Նշվում է, որ եթե Լորեդո եղբայրները մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում և միլիոնների տուգանք:











































