Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջարկել է լուծարել երկրի Գերագույն դատարանը և այն համալրել ամերիկացի ու բրիտանացի դատավորներով: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Դատական համակարգը մենք չհասցրինք ավարտին: Իմ կարծիքով՝ մենք պետք է լուծարենք Գերագույն դատարանը և նրանց ամբողջովին փոխարինենք ամերիկացի ու բրիտանացի դատավորներով: Մենք պետք է գոնե 10-ամյա ժամկետով Գերագույն դատարան հրավիրենք ամերիկացի և բրիտանացի դատավորների և նրանց բարձր աշխատավարձ վճարենք»,- հայտարարել է Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ «Վրաստանը ճգնաժամից դուրս բերելու համար անհրաժեշտ է անցնել «Միացյալ ազգային շարժման» մշակած նախագծերին, որոնք ներկայիս իշխանությունները կասեցրել են, անհրաժեշտ է անել հակակոռուպցիոն քայլեր և պետական համակարգը մաքրել հովանավորչությունից, ինչպես նաև փոխհատուցում տրամադրել այն մարդկանց, ովքեր տուժել են ազգային արժույթի արժեզրկումից»:










































