Ականատեսների վկայությամբ՝ «Արևելքի աստղ» զբոսաշրջային ջերմանավը խորտակվել է Չինաստանի Յանցզի գետում 1 րոպեից պակաս ժամանակում: Այս մասին հայտնում է «Չժունգո Սինվեն» գործակալությունը:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 1-ին: Փրկված ուղևորները գործակալությանը պատմել են, որ խորտակվելուց առաջ եղանակային պայմանները կտրուկ վատացել են, անձրև է եղել: Նավը 45 աստիճանով թեքվել է: Հետո թեքումն ավելացել է, ու նավը խորտակվել է: Փրկվածների խոսքով՝ դա տեղի է ունեցել 30-60 վայրկյանում: Մարդկանց մեծ մասը չի հասցրել օգտվել փրկարարական միջոցներից:
Նավում 458 մարդ է եղել՝ 406 ուղևոր, անձնակազմի 47 անդամ և զբոսաշրջային գործակալությունների 5 աշխատակից: Ներկայումս հայտնի է 20 փրկվածի և 5 զոհի մասին: Մյուսների ճակատագիրը դեռ անհայտ է, հայտնում է RIA Novosti-ն:










































