«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը:
–Պարո՛ն Զաշտովտ, եթե ամփոփենք Ռիգայում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովը, ի՞նչ եք կարծում, ԱլԳ անդամ երկրների համար այն հաջողվա՞ծ էր: Ընդհանրապես շատ մեկնաբանություններ կան, որ Արևելյան գործընկերությունը ճգնաժամի մեջ էր, ըստ Ձեզ՝ գագաթաժողովը կարողացա՞վ օգնել դուրս գալ այդ ճգնաժամից:
–Այդ գագաթաժողովի հետ կապված շատ սպասումներ կային և ոչ բոլորն իրականացան: Ամենակարևոր հարցերից մեկը վիզայի ազատականացումն էր՝ Վրաստանն ու Ուկրաինան ակնկալում էին, որ այդ հարցը լուծում կստանա: Մենք սպասում ենք հիմա, որ մինչև տարեվերջ նոր փաստաթուղթ կլինի, որտեղ և զետեղված կլինի բարեփոխումների գնահատականն այդ երկրներում: Միայն դրանից հետո Եվրամիությունը ազատ վիզային ռեժիմի շուրջ որոշում կկայացնի: Կարծում եմ՝ այդ պատճառով է, որ որոշ փորձագետներ բացասական էին արտահայտվում Ռիգայի գագաթաժողովի մասին: Մեծ տարբերություն չկա, տարվա վերջին փաստաթուղթը կլինի և այդ երկու երկրները կկարողանան ազատ վիզային ռեժիմ ստանալ:
–Հայաստանի մասով ի՞նչ կարող եք ասել: Լինելով եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում ԵՄ-ի հետ հարաբերություններին իրավական ձևակերպում տալ՝ փաստորեն նաև այն բանից հետո, երբ հանկարծակի որոշում կայացվեց չստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
–Դա, իհարկե, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ճգնաժամ էր. ես կասեի վստահության ճգնաժամ: Բայց կարծում եմ՝ հիմա ճիշտ քայլ է անում Հայաստանի իշխանությունը՝ վերակենդանացնելով այդ հարաբերությունները: Չեմ կարծում, թե փատաթուղթը շուտ կստորագրվի, որոշ էլեմենտների շուրջ կա համաձայնություն՝ ինչը միանշանակ ողջունելի է:
–Հայաստանն ու Բելառուսը Ռիգայի գագաթաժողովում հրաժարվեցին ստորագրել ամփոփիչ հռչակագրի նախնական տեքստը, որտեղ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի մասով ձևակերպում կար: Այդուհանդերձ, ինչպես նշեցինք, Հայաստանը պատրաստակամություն է հայտնում համագործակցել ԵՄ-ի հետ, այս համագործակցության նոր փուլին Ռուսաստանն ինչպե՞ս կարձագանքի:
–Ռուսաստանի համար Արևելյան գործընկերության նախագիծը 2 կամ 3 տարի առաջ չէր դիտվում Ռուսաստանի համար թշնամական նախագիծ: Իսկ հիմա Ռուսաստանը փորձում է հակազդել այդ նախագծին: Մոսկվան կփորձի ինչ-որ կերպ ազդել Հայաստանի վրա, որեպեսզի այդ կապերը չզարգանան:
–Պարո՛ն Զաշտովտ, Լեհաստանն այն երկիրն է, որը մշտապես պաշտպանել է Արևելյան գործընկերության նախագիծը՝ այն դեպքում, երբ ԵՄ անդամ երկրները դրան այնքան էլ մեծ կարևորություն չեն տվել: Լեհաստանում նախագահական ընտրություններ անցկացվեցին, հետաքրքիր է, նորընտիր նախագահ Անջեյ Դուդայի վարած քաղաքականությունն այս առումով կտարբերվի՞:
–ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք փոփոխություններ կլինեն այս և աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, ապա չեմ կարծում, թե մասնավորապես արևելյան գործընկերության շրջանակներում կլինեն փոփոխություններ:
-Անջեյ Դուդան էլ ավելի ընդգծված հակառուսական քաղաքականություն է վարում, քան Լեհաստանի նախկին նախագահ Բրոնիսլավ Կոմորվսկին: Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների վրա սա ի՞նչ անդրադարձ կունենա:
–Ես չէի ասի, որ ընդհանրապես Լեհաստանը տանում է հակառուսական քաղաքականություն: Մեծ փոփոխություններ եմ սպասում, Լեհաստանի բոլոր կուսակցությունները, բացառությամբ մի քանի մանր կուսակցությունների, աջակցում են ներկայիս քաղաքական կուրսին, որը նորընտիր նախագահը ևս չի փոխի:







































