Եգիպտոսի ազգային անվտանգության ծառայությունը երկուշաբթի երեկոյան ձերբակալել է «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի երկու բարձրաստիճան անդամների՝ Աբդուրահման Ալ-Բարին և Մահմուդ Գազլյանին, ովքեր հետախուզվում էին 2013 թվականի օգոստոսից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Գազլյանը իսլամիստական ասոցիացիայի ղեկավար բյուրոյի անդամ է, իսկ Ալ-Բարը՝ «Մուսուլման եղբայրների» վաղեմի մուֆթին։
Հաղորդվում է, որ նրանց հետ ձերբակալվել են նաև երկու հանցակիցներ։
Եգիպտոսում արգելված կազմակերպության երկու գործիչները իրավապահներից թաքնվել են 2013-ի օգոստոսից, և հատուկ ծառայությունների տվյալներով՝ ղեկավարել Եգիպտոսում ասոցիացիայի ընդհատակյա գործունեությունը։
Սա 2013-ի հուլիս-օգոստոսից ասոցիացիայի նման ռանգի ղեկավարների առաջին ձերբակալությունն է։
Ձերբակալությունը կատարվել է հատուկ ծառայությունների հայտարարությունից ժամեր անց՝ երկրի անվտանգության ուժերի, քաղաքական գործիչների ու լրագրողների նկատմամբ թշնամական գործունեության վերաբերյալ իսլամիստական ասոցիացիայի ծրագրի գաղտնազերծման մասին։












































