Հաշվի առնելով ոռոգման ոլորտում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմման անհրաժեշտությունը և նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին, կառավարությունը այսօրվա նիստում «Սևան-Հրազդան ջրառ», «Դեբեդ-Աղստև ջրառ» և «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲԸ-ներին թույլատրել է մինչև 2011թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալած հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու։
2011թ. մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով այդ ՓԲԸ-ներին թույլատրվել է ջրերի վարարումը մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու միջոցով ոռոգման ջուրը ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել նույնպես առանց հասույթ ձևավորելու։ ՋՕ ընկերություններին առաջարկվել է նշված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հա հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց։
Ամփոփելով հարցի վերաբերյալ ծավալված մտքերի փոխանակությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համագործակցելով ճշգրտել նշված ծրագրերի ժամանակացույցը, ինչպես նաև գյուղացիական այն տնտեսությունների թիվը, որոնք, օգտվելով այս արտոնությունից, ոռոգման ջուրն անվճար են ստանալու։









































