«Երրորդ ուժը ձևավորվել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը:
Հարցին, թե դա Դո՞ւք եք, Կարապետյանը պատասխանեց. «Այո»:
Այդուամենայնիվ, Կարապետյանը նշեց, որ ինքը մենակ չէ, իսկ թե ովքեր են կանգնած իր կողքին` չմանրամասնեց: Նա միայն տեղեկացրեց, որ հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. «Համարում եմ, որ եթե լինի, ապա մեր համագործակցությունը արդյունավետ կլինի: Մենք խոսել ենք` ում հետ կարելի էր: Կան ուժեր, որոնք ավելի վճռական են մոտենում` միայն հեղափոխություն են ուզում, բայց մենք չենք կարող այդ թեզը վերցնել: Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եկանք մի եզրահանգման, որ մեր մոտեցումները համընկնում են»:
Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ գալիք օրերին կրկին հանդիպելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և հնարավոր է` ավելի հստակեցվեն դիրքորոշումները, հնարավոր է նաև, որ ԺԿ մայիսի 3-ի հանրահավաքին ելույթ ունենա նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ժամանակին ինքը Րաֆֆի Հովհաննիսյանին «ամերիկյան պրոյեկտ» է անվանել` Կարապետյանը պատասխանեց. «Ես ասել եմ ու կասեմ, ժամանակին ռազմավարական կենտրոնը պետդեպից էր ֆինանսավորվում, բայց այժմ ես դրական եմ վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա բարոյական կերպար է»:
Արամ Կարապետյանին ևս Տիգրան Կարապետյանը «նորմալ է վերաբերում», սակայն նրա հետ չի հանդիպել և բանակցությունների մեջ չէ: Դաշնակցության հետ միավորման մասին բանակցություններ ևս չեն ընթանում, այդուամենայնիվ, Կարապետյանը այս կուսակցությանը դրական է գնահատում «Նրանց ես շատ եմ գնահատում: Ճիշտ է իրենց բարդույթներով, ճիշտ է սոցինտերնի անդամ են և նրանց քայլերը շատ բաներով են պայմանավորված: Չնայած տարբերություն կա վերևի և ներքևի միջև»:
Կարապետյանը նշեց, որ բոլոր ուժերն էլ ունեն իրենց բացասական կողմերը, իսկ իր ուժի բացասական կողմն էլ, ըստ Կարապետյանի, թիմն է. «Թիմ կա, բայց հզոր չէ: Ով չգիտի, որ ՀԱԿ-ը փող ունի, ունեն հնարավորություններ, ունեն նախկին նախարարներ: Թռուցիկներ են բաժանում, մինչև մարդկանց դուռը բերում հասցնում են, մենք այդ ամենի հնարավորությունը չունենք»:







































