Եգիպտական Al-Ahram թերթը գրում է, որ երկրի դատախազությունում տեղի է ունեցել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կնոջ` Սյուզան Մուբարաքի հարցաքննությունը: Նրան մեղադրում են Ալեքսանդրիայի գրադարանի հետ կապված խարդախությունների և ընթերցողների ամենամյա փառատոնից ստացված եկամուտների յուրացման մեջ: Նրան հարցրել են նաև այսպես կոչված «Ոսկե հիմնադրամի» մասին, որը, իբր, Սյուզանի համար հիմնել և հանգանակություններ է արել Եգիպտոսի տեղեկատվության նախկին նախարարը: Այս մասին գրում է MIGNews.com կայքը:
Երեկ նաև պարզ է դարձել, որ Հոսնի Մուբարաքի և նրա որդիների հարցաքննության հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին: Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը և նրա երկու որդիները ձերբակալվել են, և նրանց կալանքի 15-օրյա ժամկետ է նշանակվել: Մուբարաքի որդիները գտնվում են Կահիերի բանտում, իսկ Մուբարաքը, որին հարցաքննությունից հետո տեղափոխել էին հիվանդանոց, կմնա ոստիկանության հսկողության տակ և բուժօգնություն կստանա հիվանդանոցում:








































