Անկարայի դատարանը վճռել է Hurriyet պարբերականին 20 հազար թուրքական լիրայով (7.5 հազար դոլար) տուգանելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու պատճառով: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Էրդողանի փաստաբանների կարծիքով` 2014-ի օգոստոսին պարբերականում հրապարակված հոդվածը, որտեղ Թուրքիայի նախագահը մեղադրվում էր կոռուպցիայի մեջ, դուրս է խոսքի ազատության շրջանակներից և «ոտնձգություն է մարդու իրավունքների նկատմամբ», ինչպես նաև վիրավորանք է պարունակում: Այդ պատճառով էլ նրանք Hurriyet-ից որպես բարոյական վնասի փոխհատուցում 100 000 լիրա են պահանջել: Պարբերականի փաստաբանները հերքել են մեղադրանքները:
Դատավոր Սելմա Դուրդուն վճռել է մասնակիորեն բավարարել հայցը: Ըստ վճռի` տուգանքը պետք է վճարեն թերթի տնօրենների խորհրդի նախագահ Վուսլաթ Դողան Սաբանջին և հոդվածի հեղինակ Մեհմեդ Յըլմազը:







































