«Հենց նոր Հովիկ Աբրահամյանին դիմեցի վարչապետի պաշտոնն ստանձնելու առաջարկով, բայց նա հերթական անգամ հրաժարվեց»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով իրեն պաշտոնանկ անելու եւ վարչապետի պաշտոնում Աբրահամյանին նշանակելու մասին լուրերը: Տիգրան Սարգսյանն ասաց, որ միշտ էլ խոսակցություններ նախկինում էլ են եղել վարչապետին ազատելու մասին: «Հիշենք երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին, կհամաձայնեք, որ և գարնանային, և աշնային քաղաքական պրոցեսները որ սկսում էին, հայտնվում էին այդպիսի լուրեր, թե վարչապետը հրաժարական է տալու: Դրան պետք է հանգիստ վերաբերվենք, որովհետև գործադիր իշխանության ղեկավարը միշտ էլ գտնվում է ուշադրության ու քննադատության կենտրոնում: Դուք էլ պետք է հանգիստ մոտենաք այդ լուրերին, մանավանդ որ ունեք վերլուծական կարողություններ: Այնպես որ, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ ընթացքով է ընթանում մեր երկրում»,-հայտարարել է նա:
Լրագրողի հարցին, թե Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե կառավարության, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ծրագրերը չեն կատարվում, Տիգրան Սարգսյանը նշել է. «Ես Հովիկ Աբրահամյանի այն ելույթներին եմ ծանոթ, որտեղ ինքը պաշտպանում է Հայաստանի կառավարությանը, մեր կողմից արդյունավետ իրականացվող ծրագրերը»:
Ի դեպ, Վարչապետ դառնալուց հետո Տիգրան Սարգսյանը վերացրել էր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողներին ճեպազրույց տալու ավանդույթը: Սակայն այսօր խոստացավ այն վերականգնել:











































