ԱՄՆ ազգային հետախուզությունը փաստաթղթեր է հրապարակել Ուսամա բեն Լադենի արխիվից, որոնցից հետևում է, որ «Ալ-Քաիդա» խմբավորումը նորադարձ մուսուլմանների է հավաքագրել Ռուսաստանից: 2011թ. մայիսին՝ բեն Լադենի ոչնչացումից հետո, ԱՄՆ հետախուզության ստացած փաստաթղթերը հասանելի են դարձել անգլերեն լեզվով մայիսի 20-ին՝ հայտնում է korrespondent.net-ը:
Բեն Լադենին հասցեագրված 2008թ. նամակներից մեկը, որը ստորագրված է Մահմուդի անունով, տեղեկություն է պարունակում «Ալ-Քաիդայի» կողմից Ռուսաստանից մուսուլմանների հավաքագրման վերաբերյալ: Մահմուդի տեղեկության համաձայն՝ հավաքագրումը կատարվել է Եմենում Ալ-Իման իսլամական համալսարանում:
Ռուսաստանի քաղաքացիները որոշ ժամանակ մնացել են համալսարանում, հետո «ընտանիքների հետ կանգնել ջիհադի ճանապարհին»:
Հավաքագրումն իրականացրել է համալսարանի հիմնադիր, արմատական իսլամիստական քարոզիչ Աբդուլ Մաջիդ ազ-Զինդանին:
Նամակի հեղինակը քննադատաբար է վերաբերվել ազ-Զինդանիին, բայց միևնույն ժամանակ ընդգծում է նրա մեծ ներդրումը մարդկանց «ջիհադի ճանապարհին» դնելու գործում:








































