«Ո՞նց ինչու եք հիմա այստեղ, նախընտրական շտաբի պետն եմ, ազիզ ջան, հարցեր ունե՞ք ուրիշ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, որ Արտաշատի մշակույթի կենտրոնում որպես Արտաշատի քաղաքապետի հանրապետականների թեկնածու էր ներկայացնում Արգամ Աբրահամյանին: Անդրադառնալով այն հարցին, թե եղբորորդին կհաղթի՞, և ինչո՞ւ է հենց ինքը ստանձնել նրան ներկայացնելու հարցը, Ջոնիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը ոչինչ էլ չի կարծում. «Ընտրությունները կավարտվեն, կերևա»:
Նա վստահեցրեց, որ ընտրությունների ընթացքում դիմելու են սովորական, օրինական մեթոդների, ճնշումներ չեն գործադրելու. «Ազատ, արդար, նորմալ ընտրություններ են լինելու, ուրի՞շ»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի թեկնածությանը, որի հետ ժամանակին սուր կոնֆլիկտ է ունեցել, կրակել է նույնիսկ նրա տան վրա, Ջոնիկ Աբրահամյանը հարցն ընդհատեց և միանգամից նշեց, որ նրա թեկնածությանը շատ նորմալ է վերաբերվում. «Պարկեշտ տղա ա, մենք լավ հարաբերությունների մեջ ենք, արդար ընտրությունները ցույց կտան՝ ով կհաղթի, մենք կսեղմենք հաղթողի ձեռքը և կհայտնենք մեր ցանկությունը»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:







































