Ավստրալիայում մայիսին շատ անձրև է գալիս: Սակայն օրերս Նոր Հարավային Ուելս նահանգի Գոուլբերն քաղաքում արձանագրված տեղումները չի կարելի սովորական համարել. բնակիչների վրա երկնքից թափվել են ոչ թե անձրևի կաթիլներ, այլ… սարդեր: Շատ սարդեր ծածկել են տների տանիքները և Գոուլբերնի փողոցները՝ դրանք պատելով արծաթագույն սարդոստայնով, հայտնում է TASS-ը:
«Ամեն տարի մայիսին և օգոստոսին նոր ծնված սարդերը հնարավորինս բարձր բարձրանում են ծառերի վրա և սարդոստայն կապում՝ դրանից պարաշյուտի նման բան ստանալով,- պատմում է գիտնական Քիթ Բասթերֆիլդը:- Քամին նրանց տեղափոխում է մեծ հեռավորություններ: Հենց այդպես են նրանք նոր տարածքներ յուրացնում, և հենց այդ պատճառով է, որ սարդ կարելի է տեսնել աշխարհի ցանկացած անկյունում: Այլ բան է, որ սովորաբար այդպիսի միգրացիան ուղեկցվում է դրանց տարածվածությամբ լայն տիրույթում: Այս անգամ ճակատագրի հեգնանքով օդային հոսանքը սարդերին տարել է մոլորակի նույն կետ՝ Գոուլբերն քաղաք: Կարելի է համարել, որ նրա բնակիչների բախտն այս առումով չի բերել: Չնայած չեք սխալվի, եթե հակառակը պնդեք. ամեն ինչ կախված է այդ բնական երևույթի նկատմամբ մարդու վերաբերմունքից»:










































