Հոլոքոսթից շուրջ 3 տասնամյակ առաջ համանման ցեղասպանություն է իրականացվել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականի ապրիլին։ Զոհ են դարձել 1.5 մլն հայեր, ովքեր փոքրամասնություն էին կազմում Օսմանյան կայսրությունում։ Հայկական արմատներով երկու երիտասարդ ռեժիսորներ Ալեք Մուհիբյանն ու Կարին Հովհաննիսյանը ստանձնել են այդ պատմությունն իրենց նոր ֆիլմով վերապատմելու հանձնառությունը։ Ֆիլմը, որը կրում է «1915» անվանումը, հոգեբանական թրիլլեր է՝ գրում է The Hindu Business Line պարբերականը։ Պարբերականը զրուցել է հայազգի երիտասարդ ռեժիսորների հետ։
«Ես Կարինին հանդիպել եմ Լոս Անջելեսի Paul Revere միջնակարգ դպրոցում, երբ մենք 13 տարեկան էինք։ Մենք այնտեղ միակ հայերն էինք։ Այդ հանդիպումը կնքել է մեր ճակատագրերը որպես «1915»-ի ստեղծողներ։…Դա պատմություն է ձուլվող բազմաթիվ երկակիությունների՝ 1915-ի և 2015-ի, իրականության և ներկայացման, ազգի և անհատի, և ես կարծում եմ՝ կարող եք այդ ցուցակին ավելացնել ինձ ու Կարինին։ Մեզնից յուրաքանչյուրի մեջ մեր ժառանգությունը եզակի դեր է խաղացել, և մենք կրում ենք դրա ծննդանշանները տարբեր կերպ»,- ասել է նա՝ հավելելով, որ միասին են դիմավորել 100-րդ տարելիցը՝ նույն բեմի վրա։
Սերժ Թանկյանը ստեղծել է երաժշտական աշխարհ, որն իր մեջ ներառում է զգացմունքների մի ողջ դար՝ ասել է Կարինը՝ անդրադառնալով ֆիլմի երաժշտության ստեղծմանը Թանկյանի մասնակցությանը։
Թղթակցի այն հարցին, թե կա՞ արդյոք քաղաքական դիսկուրս, որը նրանք ցանկացել են թեժացնել իրենց ֆիլմով, Կարինը պատասխանել է, որ ժխտումը եղել է ֆիլմի կարևոր թեման։ Խոսքը միայն Թուրքիայի ժխտողականության մասին չէ, որը շարունակական է դարձնում հանցանքը, այլ սեփական անցյալի մթությունից փախչելու անհատի փորձի։
Մուհիբյանի խոսքով՝ իրենք մտադիր են ֆիլմը Թուրքիա տանել հնարավորինս շուտ։ Նա հույս է հայտնել, որ ցուցադրողները չեն ենթարկվի բանտարկության ռիսկի, ինչպես Կարինի «Ստվերների ընտանիքը» թարգմանողներն ու հրատարակողները։
Թղթակցի այն հարցին, թե արդյոք արդարացի՞ է նրանց կողմից Ռասել Քրոուի «Ջուր փնտրողն» անվանել քարոզչություն ցեղասպանության ժխտման համար, Կարինը պատասխանել է, որ արդարացի է, եթե այն ծառայում է չարակամ, մեկդարյա արշավին՝ ուղղված ժամանակակից պատմության առաջին Ցեղասպանության մոռացմանը։








































