ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինները մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսին Մոսուլ քաղաքի բնակիչների համար մի շարք խիստ սահմանափակումներ են մտցրել: Այս մասին հայտնում է քրդական Rudaw հեռուստակորպորացիան՝ հղում անելով քաղաքում ունեցած աղբյուրին: 2015 թ. Ռամադանը կսկվի հունիսի 18-ին և կտևի մինչև հուլիսի 17-ը:
«Աշխատողները Ռամադանի ժամանակ միայն երկու ժամ կաշխատեն, օրվա մնացած մասն աղոթելով կանցկացնեն: ԴԱԻՇ-ի նոր կանոնների համաձայն՝ Ռամադանի ժամանակ կանանց արգելված է տնից դուրս գալ»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրը չի նշել՝ ինչ պատիժ է սպասվում հրամանագիրը խախտողներին: Նրա խոսքով՝ գրոհայինների հրամանագիրը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով, բացի դրանից՝ քաղաքում համապատասխան վահանակներ են կախված:











































