Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Լաս Վեգասում Billboard Music Awards մրցանակի է արժանացել ամենահեղինակավոր՝ «Տարվա արտիստ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է TASS-ը: Հաղթողների անունների հրապարակման և պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել անցած կիրակի օրը MGM Grand Garden Arena համալիրում՝ մոտ 17 հազար հանդիսականի ներկայությամբ:
«Ես ուրախ եմ իմ այսօրվա հաղթանակներով,- ասել է երգչուհին:- Կարծում եմ՝ իմ նոր աշխատանքները ստացվել են»:
Billboard Music Awards ամենամյա մրցանակաբաշխությունը հիմնել է Billboard ազդեցիկ երաժշտական ամսագիրը 1989թ.:
25-ամյա Թեյլոր Սվիֆթը կիրակի օրը մրցանակների է արժանացել 8 անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն երգչուհի», «Billboard 200 չարթի լավագույն ալբոմ»՝ իր «1989» ալբոմի համար, նաև երաժշտության երկրպագուների անկախ մրցանակին:
«Լավագույն երգիչ» է դարձել 23-ամյա բրիտանացի Սեմ Սմիթը: Նա հաղթել է նաև «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում:
«Ռոք ոճի լավագույն արտիստ» է դարձել իռլանդացի երգիչ Էնդրյու Հոզիեր-Բիրնը, որը հանդես է գալիս Hozier բեմական անունով:
«Լավագույն խումբ» անվանակարգում հաղթել է բրիտանական One Direction-ը: «Ռոք ոճի լավագույն ալբոմ»-ի համար մրցանակը շնորհվել է բրիտանական Coldplay խմբին՝ Ghost Stories ալբոմի համար:
Իսպաներեն լեզվով լավագույն երգի համար մրցանակը ստացել է Էնրիկե Իգլեսիասը՝ Bailando-ի համար:
Այս տարի մրցանակ է շնորհվել 41 անվանակարգում:










































