Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սկսվեց Վահե և Անդրանիկ Մարտիրոսյանների գործի դատական քննությունը:
22-ամյա Վահեն և 27-ամյա Անդրանիկը հորեղբորորդիներ են: Նրանք կողք կողքի նստած են ամբաստանյալի աթոռին ու մեղադրվում են նույն խմբի կազմում տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, ինչպես նաև որպես զենք գործածված առարկաների՝ սպորտային ծեծանակի ու դանակի գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:
Տուժողների աթոռին 5 երիտասարդներ են, որոնցից երեքի ներկայացուցիչն է փաստաբան Սեդա Սաֆարյանը, մեկի՝ դեպքի ժամանակ ծանր վնասվածքներ ստացած Արթուր Ա.-ի ներկայացուցիչն է Արա Զաքարյանը, իսկ տուժող Վահագն Պ.-ն հանդես է գալիս առանց փաստաբանի:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը Վահեն ու Անդրանիկը գտնվել են Երևանի Աբովյան փողոցում գործող «Կալիենտե» պարային ակումբում, վիճաբանության մեջ են մտել նույն ակումբում ծնունդ նշող խմբի տղաների հետ, կատարել են խուլիգանություն, որը շարունակել են ակումբի հարակից տարածքում:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Վահեն իր «ՎԱԶ-2121» մեքենայից վերցրել է սպորտային ծեծանակը, անտեսելով, որ առաջացած տարաձայնությունները կարծես թե հարթվել էին, հարվածներ է հասցրել տուժողներ Արթուր Ա.-ին ու Վահագն Պ.-ին, առաջինի առողջությանը պատճառել է ծանր, իսկ երկրորդի առողջությանը՝ միջին ծանրության վնաս: Ապա ծեծանակը ձեռքին հետապնդել է Տերյան փողոցով փախչող տուժող Արթուր Ա.-ին, բայց հանդիպել է ծառայություն իրականացնող ոստիկաններին, ովքեր նրան բռնել են:
Վահեն մեղսագրված արարքի կատարման պահին եղել է ժամկետային զինծառայության մեջ, կոչումով՝ շարքային: Այդ պատճառով գործի քննությունը կատարել է զինվորական դատախազությունը, մեղադրանքը դատարանում պաշտպանում է զինվորական դատախազության դատախազ Հարությունյանը:
Ըստ մեղադրանքի՝ Վահեի հետ խմբի կազմում «Կալիենտե» պարային ակումբի հարակից տարածքում որպես զենք գործածված առարկայի՝ դանակի գործադրմամբ խուլիգանություն է կատարել նաև Վահեի հորեղբորորդի Անդրանիկը: Նա ու գործով չպարզված ևս երկու անձինք, ըստ մեղադրանքի, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, խաթարել են պարային ակումբի բնականոն աշխատանքը: Անդրանիկը, առաջադրված մեղադրանքի համաձայն, դանակի հարվածներով թափանցող և չթափանցող վնասվածքներ է հասցրել տուժող Արթուր Ա.-ին՝ նրա առողջությանը իր հերթին պատճառելով ծանր վնաս: Նույն տուժողը՝ Արթուր Ա.-ն, ըստ մեղադրանքի, ծանր վնասվածքների «փունջ» է ստացել ծեծանակով ու դանակով՝ համապատասխանաբար պատճառված Վահեի ու Անդրանիկի կողմից:
Վահե Մարտիրոսյանն ասաց, թե իրեն մեղավոր չի ճանաչում. «Ես չեմ արել այն, ինչի համար ինձ մեղադրել են»:
Անդրանիկ Մարտիրոսյանն ասաց, թե դիրքորոշում առայժմ չի հայտնում, կհայտնի ցուցմունք տալու ժամանակ:
Դատական նիստի սկզբում ամբաստանյալ Վահե Մարտիրոսյանի շահերի պաշտպան Հունան Բաբայանը բացարկ հայտնեց գործով մեղադրող Հարությունյանին:
Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր դեպքում ինքն առարկել է, ընդգծել է, որ գործով առկա չէ հիմնավոր կասկած, թե մեղսագրված արարքները կատարել է Վահե Մարտիրոսյանը:
Ինքը՝ Վահե Մարտիրոսյանը, ինչպես ասաց պաշտպան Բաբայանը, կռվի ժամանակ նույնպես ստացել է ծակած-կտրած գործիքից վնասվածքներ, ինչը հաստատվել է փորձաքննությունների եզրակացություններով: Ընդ որում՝ Վահեն վնասվածքներ է ստացել միակողմանի սայր ունեցող գործիքով, ինչպիսի գործիքով վնասվածքներ է ստացել նաև գործով տուժող Արթուր Ա.-ն: Հետևաբար, նրանք երկուսն էլ հնարավոր է, որ վնասվածքները ստացել են գործի քննությամբ չբացահայտված անձի կողմից:
Պաշտպան Բաբայանը նշեց, որ տուժողները չեն մատնանշել, թե իրենց վնասվածքներ է պատճառել հենց Վահե Մարտիրոսյանը: Նույն դեպքի ժամանակ կտրող-ծակող գործիքից վնասվածքներ ստացած Վահե Մարտիրոսյանը, փոխանակ տուժող ճանաչվելու, մեղադրյալ է դարձել, որովհետև չեն հայտնաբերվել իրականում հանցավոր արարքներ կատարածները:
Հունան Բաբայանն ընդգծեց, որ գործի նախաքննության ընթացքում այդպես էլ չի ճշտվել՝ Վահե Մարտիրոսյանն իրո՞ք այն անձն է, ով կատարել է մեղսագրված արարքները: Նախաքննական մարմինը «ծանր հանցագործության պատրանք և արհեստական պայմաններ ստեղծելու համար» է բավական ծանր մեղադրանքներ առաջադրել այն դեպքում, երբ գործով, ըստ պաշտպանի, Վ. Մարտիրոսյանի կողմից այդ ծանր արարքները կատարելու ոչ մի ուղղակի ապացույց չկա:
Պաշտպանի կարծիքով՝ նախաքննական մարմնի կանխակալ վերաբերմունքի պատճառով է գործով որպես մեղադրյալ ներգրավվել Վահե Մարտիրոսյանը, նրան ապօրինի են պահել կալանքի տակ, ու դատախազությունը, դրսևորելով ակնհայտ անգործություն, աչք է փակել կատարվող խախտումների վրա:
Հունան Բաբայանն ասաց, թե վարույթն իրականացնող մարմնի կատարած ապօրինությունների հարցով ինքը բազմիցս դիմել է գլխավոր դատախազություն, սակայն այս գործի նախաքննության նկատմամբ պատշաճ ղեկավարում չի իրականացվել:
Պաշտպանը 2015 թվականի մարտի 27-ին միջնորդություն է արել, որ Վահե Մարտիրոսյանին առերես հարցաքննեն նրա դեմ ցուցմունքներ տված, ինչպես նաև ըստ մեղադրանքի՝ նրա արարքներից տուժած համարվող անձանց հետ: Բայց այդ միջնորդությունը մերժվել է:
Պաշտպանը նշեց, որ Վահե Մարտիրոսյանը արգելանքի տակ է առնվել 2014 թվականի հունիսի 7-ից: Հենց սկզբից խախտվել է նրա պաշտպանական իրավունքը, նա հարցաքննվել է որպես վկա, առերես նույնպես հարցաքննվել է որպես վկա՝ առանց պաշտպանի մասնակցության:
Մերժվել է պաշտպանի բողոքը՝ քննիչի դեմ: Այս բոլոր մերժումները պաշտպանին հանգեցրել են այն եզրակացության, որ գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Հարությունյանը կանխակալ վերաբերմունք ունի ամբաստանյալ Վահե Մարտիրոսյանի նկատմամբ:
«Կոպիտ խախտումները, ձգձգումները, Վահե Մարտիրոսյանին ապօրինի մեղադրանքով շարունակաբար կալանքի տակ պահելը, հսկողություն իրականացնող դատախազի անգործությունը ապացուցում են, որ դատախազը կանխակալ վերաբերմունք ունի, ուղղակի կամ անուղղակի կերպով շահագրգռված է գործի ելքով»:
Մեղադրող Հարությունյանն առարկեց պաշտպան Բաբայանի հայտնած բացարկի դեմ, ասաց, թե ինքը կողմերից ոչ մեկին չի ճանաչում, գործի ելքով շահագրգռված չէ, իսկ պաշտպանի բոլոր միջնորդությունները քննարկվել են, ու կայացվել են պատճառաբանված որոշումներ:
Դատարանը մերժեց պաշտպան Բաբայանի կողմից մեղադրող Հարությունյանի դեմ հայտնված բացարկը:
Գործի քննությունը կկատարվի հետևյալ հաջորդականությամբ. կհարցաքննվեն հինգ տուժողները, ապա գործով վկաները, կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, կհարցաքննվեն ամբաստանյալները, վերջում կհետազոտվեն իրեղեն ապացույցները:
Ամբաստանյալ Անդրանիկ Մարտիրոսյանի շահերի պաշտպան Վահե Արմենակյանը, որ նոր էր ներգրավվել որպես պաշտպան, միջնորդեց իրեն ժամանակ տրամադրել՝ 7 հատորից բաղկացած գործին ծանոթանալու համար:
Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 5-ը:











































